Ցեղասպանության վերաբերյալ հովտաշենցի աշակերտները ֆիլմ են նկարահանել
Հասարակություն
Այս օրերին Արարատի մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում կազմակերպվում են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ: Ի թիվս տարաբնույթ և բազմազան ցերեկույթների' իր բովանդակությամբ ու ձևով խիստ տարբերվում էր Հովտաշենի դպրոցում կազմակերպված միջոցառումը:
Դպրոցի կազմակերպչական գծով տնօրենի տեղակալ Հայկուհի Սահակյանը բարձր դասարանի աշակերտների հետ տքնաջան աշխատանք էր տարել' համատեղ ուժերով աննախադեպ ֆիլմ նկարահանելու համար: Աշակերտներն ուսուցչի ղեկավարությամբ հասել էին Արաքսի ափ, որպեսզի նկարահանեն մատուռը, խոտհնձի, խնոցի հարելու, բամբակ գզելու, խմոր անելու, թոնրում լավաշ թխելու, Ջանգյուլումի տեսարանները: Աշակերտները երկար փորձերից հետո կարողացել էին մարմնավորել օսման դահիճների, ինչպես նաև ցեղասպանության զոհերի կերպարները:
Միջոցառումն ուղեկցվում էր հայրենասիրական, ազգային ազատագրական երգերով, հնչում էին Արա Գևորգյանի և Դանիել Դեքերի «Ադանան», Լուսինե Զաքարյանի կատարմամբ երգեր: Միջոցառման ժամանակ խորհրդանշական անմոռուկի գույներով զգեստներ հագած աշակերտներն իրենց երախտագիտությունը հայտնեցին հայերի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած պետություններին' բարձրացնելով նրանց դրոշները: Պատին փակցված էին Շահան Նաթալիի, Սողոմոն Թեյլերյանի, Արամ Երկանյանի և այլոց դիմանկարները, «Թուրքիա, քո ձեռքերն արյունոտ են» վերտառությամբ ցուցապաստառ: Ի նշան բողոքի' աշակերտներն այրեցին թուրքական դրոշը: Մեջբերումներ արվեցին նաև հայոց ցեղասպանության վերաբերյալ խոշոր մտածողների վկայություններից:
Ամփոփելով միջոցառումը՝ Հայկուհի Սահակյանն ընդգծեց, որ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը եկել և բնակություն են հաստատել Արարատի մարզի Հովտաշեն գյուղում, որտեղ այն ժամանակ համատարծ ճահիճ էր, ոռնում էին գայլերը, լսվում էր ագռավների կռռոցը….Այդ ճահճոտ տարածքները դարձան այսօրվա հովտաշենցիների ծաղկուն բնօրրանը:
Լիլիթ Մաճկալյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ