«Ճանաչում, հատուցում». Էջմիածնում անցկացվեց ավանդական ջահերով երթը (լուսանկարներ)
Հասարակություն
Ապրիլի 23-ի ուշ երեկոյան Էջմիածնում անցկացվեց ավանդական ջահերով երթը, որի մասնակիցները վանկարկում էին «Ճանաչում, հատուցում»։
Միջոցառման կազմակերպիչը քաղաքապետին կից ուսանողական խորհուրդն էր, իսկ երթին մասնակցում էր Էջմիածնի երիտասարդությունը, պատանի երկրապահները, դպրոցականներ, քաղաքի ողջ ակտիվը։ Ջահակիրները Կոմիտասի անվան հրապարակ մուտք գործեցին երեք ուղղությամբ՝ Մաշտոց, Խորենացի և Արարատյան փողոցներից, այնուհետև Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցավ կարճատև միտինգ։ Խոսք ասացին հոգևոր հայրը, երեք սերունդների ներկայացուցիչներ։ միջոցառման ավարտին ելույթ ունեցավ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով անձամբ 13 տարեկան հասակից, զենքը ձեռքին, արցախյան ճակատում պայքարել է հանուն հայկական արդար պահանջատիրության։
Պարոն Գրիգորյանը նշեց, որ 20-րդ դարավերջում հայությանը հաջողվել է ազատագրել Արցախը, սակայն, դեռ ազատագրման են սպասում բազում հայկական տարածքներ։
Իսկ ապրիլի 24-ի առավոտյան, դարձյալ քաղաքապետրանի նախաձեռնությամբ, էջմիածնեցիները, քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվները ծաղկեպսակներ տեղադրեցին Կոմիտասի արձանի մոտ և Մայր տաճարի բակում ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանին։ Ի դեպ, այս հուշարձանը կանգնեցվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բացումից էլ 2 տարի առաջ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ