Գալուստ Սահակյանի ուսումնառության տարիներին ամենակարևոր հարցը Հայաստանի անկախությունն էր
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուսումնառության տարիներին ամենամեծ հետաքրքրությունն էր առաջացնում Հայաստանի անկախության հարցը: Այս մասին մայիսի 9-ին ԱԺ նիստերի դահլիճում «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի և Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով երիտասարդների հարցեր ին, նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահն ընդգծեց, որ սովորել է առաջատար բուհերից մեկում՝ Երևանի պետական համալսարանում:
«Մենք գործում էինք այնպիսի պայմաններում, երբ ընդհանրապես ազատ խոսքի իրավունք չկար: Թերևս նաև դա է պատճառը, որ ես փորձել եմ հնարավորություն ստեղծել, որ երիտասարդներն ազատ խոսքի իրավունք ունենան: Ազատ խոսքը ենթադրում է նաև քննարկումներ, բանավեճ, որի հետևանքով ձևավորվում է տվյալ պետության ընդհանուր քաղաքականությունը: Այս շենքում նստում էր այդ հասարակարգի ամենաբարձրադիր օրգանը՝ Կոմունիստների կենտրոնական կոմիտեն: Այն ժամանակ որոշակի հետաքրքրություններ չկային գործադիր իշխանության նկատմամբ, որովհետև բոլոր խնդիրները լուծվում էին այս շենքում՝ կուսակցական սկզբունքներով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գալուստ Սահակյանը:
ԱԺ նախագահը փաստեց, որ այդ տարիներին ընդհանրապես ագելվում էր ցեղասպանություն բառը գործածել: «Բայց մեր ժողովրդի պայքարի հետևանքով մենք 1965 թվականից սկսեցինք ցեղասպանության հուշակոթողի ստեղծման աշխատանքները: 1967 թվականին կատարվեց այդ հուշակոթողի բացումը և հարյուր հազարավոր հայեր սկսեցին այցելել այնտեղ: Դա առիթ հանդիսացավ, որ հասարակությունը, հաղթահարելով արգելքները, փորձեց ձևավորել այն Հայաստանի տեսլականը, որն այսօր արդեն ունենք»,-նշեց Գալուստ Սահակյանը: Նա հույս հայտնեց, որ հյուրերը Հայաստանից տպավորված կվերադառնան իրենց երկրներ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից