ՀՅԴ-ն կառաջարկի ԱԺ-ին վարկային համաձայնագրերի կատարման ընթացքը վերահսկելու լիազորություն տալ
Քաղաքական
ՀՅԴ-ն առաջիկայում հանդես կգա նախաձեռնությամբ, որով կառաջարկի խորհրդարանին վարկային համաձայնագրերի կատարման ընթացքը վերահսկելու և դրա վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն փոխանցելու լիազորություն տալ: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույների ընթացքում նշեց ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Մենք վարկային համաձայնագրերի վավերացման շրջանակներում անընդհատ քննադատում ենք, ասում ենք, որ վարկերն անարդյունավետ են օգտագործել: Հիմա մենք ցանկանում ենք մի նախաձեռնություն իրականացնել, որը Ազգային ժողովին հնարավորություն կտա վերահսկել և հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրել խորհրդարանում վավերացված վարկային համաձայնագրերի կատարման ընթացքի վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Մինասյանը:
Նրա խոսքով՝ համապատասխան նախաձեռնությամբ առաջարկվելու է Ազգային ժողովում ցանկացած վարկային համաձայնագիր վավերացնելուց հետո համաձայնագրի համար պատասխանատու գլխադասային հանձնաժողովին հանձնարարական տալ՝ կազմել ժամանակացույց և պարբերաբար Ազգային ժողովին և հանրությանն ամբողջական տեղեկատվություն տրամադրել այդ համաձայնագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
Պատգամավորը ցանկություն հայտնեց, որ այդ գործընթացում ակտիվ ներգրավված լինեն նաև լրագրողները: «Դա մեզ կօգնի, որպեսզի կարողանանք իսկապես լավ մեխանիզմ մշակել այս խնդիրը լուծելու համար: Ամեն անգամ վարկային համաձայնագրերը բերում են, քննարկում ենք, քննադատում ենք, հետո վավերացնում ենք, իսկ այնուհետև համաձայնագրի կատարման ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկություն չենք ստանում»,- մանրամասնեց պատգամավորը:
Նա լրագրողներին կոչ արեց առաջարկներ ներկայացնել, որոնք կարող են հաշվի առնվել օրենսդրական նախաձեռնությունը մշակելու ընթացքում: Մինասյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ՀՅԴ խմբակցությունը կմշակի համապատասխան օրենքի նախագիծ և կդնի շրջանառության մեջ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից