Ադրբեջանում պահանջում են վերջ դնել ոչ մարտական պայմաններում զինվորների մահերին
Ադրբեջան
Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը իշխանություններից պահնաջում է վերջ դնել բանակում ոչ մարտական պայմաններում զինվորների մահերին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, այդ մասին տարածած հայտարարության մեջ կուսակցությունը իշխանություններին կոչ է արել հետաքննել ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների, այդ թվում մայիսի 23-ին Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության Բինագադիի զորամասում կասկածելի հանգամանքներում զոհված 25-ամյա զինծառայող Թափդըղ Բաբաշովի մահվան հանգամանքները, և այդ մասին տեղեկացնել հանրությանը:
Բացի այդ, հայտարարության մեջ պահանջվում է մշակել և ընդունել պետական ծրագիր, որի իրականացումը վերջ կդներ ոչ մարտական պայմաններում զինվորների մահերին:
Հայտարարության հեղինակները անհանգստություն են հայտնում ոչ մարտական պայմաններում զինվորների և սպաների զոհվելու առնչությամբ:
Ադրբեջանի ԱԻՆ զորամասում զինվոր Թափդըղ Բաբաշովը անցյալ շաբաթ մահացել է չպարզաբանված հանգամանքներում: Բաբաշովը զինծառայության էր կանչվել ընդամենը մեկ ամիս առաջ:
Ադրբեջանի պաշտոնական կառույցները ոչ հայտնել, ոչ էլ անդրադարձել են Բաքվի պետհամալսարանը գերազանցության դիպլոմով ավարտած զինծառայողի կասկածելի մահվան հանգամանքներին: Զինվորի մայրը Youtube-ում հանդես է եկել տեսադիմումով, որում համոզմունք է հայտնել, որ որդին մահացել է ոչ թե շենքի 4-րդ հարկից ընկնելու հետևանքով, ինչպես ներկայացրել են զորամասում, այլ նրան սպանել և նետել են ցած:
Նշենք, որ դա Ադրբեջանի Պն կողմից կորուստները թաքցնելու կամ զինծառայողների մահվան պատճառների մասին ապատեղեկատվության առաջին դեպքը չէ, և հայկական կողմը ադրբեջանական բանակի կորուստների իրական պատկերը բացահայտելու նպատակով ստիպված դիմում է ոչ պաշտոնական աղբյուրների օգնությանը:
2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 16 զինծառայողների մահը (ադրբեջանական «Խազար» հետազոտական կենտրոնի տվյալներով' 19 զոհ): Պաշտոնական տվյալներով' նրանցից 6-ը մահացել են ոչ մարտական պայմաններում:
Թեև Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 70 զինծառայող և 31-ից ավելի վիրավոր:


















































Ամենադիտված
Ողբերգական վթարի հետևանքով մահացածը Նորայր Նիկոյանի քույրն է