Վլադիմիր Կարապետյանի բողոքն ընդդեմ Սամվել Ֆարմանյանի ԸԸՀ–ն մերժեց
Հասարակություն
Թիվ երկու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քննվեց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի բողոքն ընդդեմ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի: Ըստ Կարապետյանի, Ֆարմանյանըն անտեսել է Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի առաջին կետը՝ խախտելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքը:
Վլադիմիր Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի դիմումում նշված է, որ բազմաբնակարան շենքերին փակցվել են երեք տասնյակից ավելի քարոզչական պաստառներ, որն ըստ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի՝ թույլատրելի է միայն շինության սեփականատերերի երկու երրորդի գրավոր համաձայնության պարագայում, որը բացակայում է:
Սամվել Ֆարմանյանի լիազորված ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի անդամ Վահագն Գրիգորյանը պնդում էր, որ Ֆարմանյանը որևէ իրավական նորմ չի խախտել:
«Սամվել Ֆարմանյանը սահմանված կարգով դիմել է համատիրություններին, ստացել է համաձայնությունը, դրա հիման վրա էլ տեղադրվել են քարոզչական պաստառները»,- նշեց նա:
Հանձնաժողովի որոշման մեջ նշված է. «Տասնութ համատիրություններ չեն առարկել և հայտնել են իրենց համաձայնությունը Ֆարմանյանի պաստառները շենքերին տեղադրելու համար: Թեկնածուն, ստանալով համատիրության համաձայնությունը, իրավասություն է ունեցել փակցնելու իր քարոզչական պաստառները: Սա հիմք է տալիս հանձնաժողովին փաստելու, որ թեկնածուի գործողությունները իրավաչափ են»:
Այսպիսով, թիվ երկու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժեց Վլադիմիր Կարապետյանի դիմումը: Հիշեցնենք, որ վերջերս էլ հանձնաժողովը մերժել էր Ֆարմանյանի դիմումը: Ֆարմանյանը Կարապետյանին մեղադրում էր մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը քարոզչություն իրականացնելու մեջ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում