Բրազիլիայի Սենատը որոշեց Ռուսեֆի պաշտոնազրկման գործընթացը սկսել
Աշխարհ
Բրազիլիայի Սենատը քվեարկել է նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացված Դիլմա Ռուսեֆի պաշտոնազրկման ընթացակարգն սկսելու օգտին: Որոշումն ընդունվել է ձայների պարզ մեծամասնությամբ. 59 սենատոր կողմ է քվեարկել, 21-ը՝ դեմ, տեղեկացնում է BBC-ն:
Ռուսեֆի իմպիչմենտի քննարկումն սկսվել էր օգոստոսի 9-ի երեկոյան և շարունակվել գիշերը: Քվեարկության առարկա էր դարձել սենատոր Անտոնիու Անաստասիայի զեկույցը, որում նա շարադրել է Ռուսեֆին ներկայացվող մեղադրանքները և իմպիչմենտի օգտին բերվող փաստարկները:
Ռուսեֆի պաշտոնազրկումը պաշտպանելու Սենատի որոշումը սպասելի էր: Երեքշաբթի երեկոյան նման հանձնարարական էր տվել պալատի՝ իմպիչմենտի հարցով զբաղվող կոմիտեն:
Դիլմա Ռուսեֆին մեղադրում են 2014 թվականին նրա ընտրարշավի ժամանակ երկրի բյուջեի դեֆիցիտի իսկական չափը թաքցնելու մեջ: Դրա հետ մեկտեղ 2014 թվականից Բրազիլիայում կոռուպցիոն սխեմաների հետաքննություն է ընթանում պետության կողմից վերահսկվող Petrobras ընկերությունում:
Ռուսեֆն ինքը հայտարարում է, թե մեղավոր չէ, իսկ իր հակառակորդներին մեղադրում է քաղաքական խարդախության մեջ:
Իմպիչմենտի ընթացակարգը կարող է տեւել 180 օր, ինչից հետո կկայանա քվեարկություն: Եթե այդ քվեարկության ընթացքում սենատորների երկու երրորդն արտահայտվի նախագահի պաշտոնաթողության օգտին, նա կհեռացվի պաշտոնից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում