Էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունը՝ միջավայրի ահաբեկչական գործիք
Հասարակություն
Գառնիում օգոստոսի 16-19-ն ընթանալու է ՀՀ ԿԳՆ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի կողմից կազմակերպված «Էլեկտրամագնիսական դաշտերի կենսաբանական ազդեցության մեխանիզմներին նվիրված 9-րդ միջազգային գիտաժողով»-ը: Գիտաժողովը կազմակերպվել է Նեյրոքիմիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ:
Գիտաժողովի շրջանակում գիտնականները քննարկելու են գիտատեխնիկական առաջընթացի հետևանքով մարդկության առջև ծառացած ամենակարևոր խնդիրներից մեկը՝ էլեկտրամագնիսական ալիքների կենսաբանական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև մարդու առողջության համար անվտանգ պայմանների ապահովման հիմնախնդիրները:
Հայտնի է, որ էլեկտրամագնիսական ալիքների կիրառմամբ ստեղծված զենքերը ամենաժամանակակից զենքերից են, իսկ կենցաղում տարաբնույթ էլեկտրական սարքերի գործածման ծավալի աճը ծայրահեղ բարդացնում է շրջապատի էլեկտրամագնիսական դաշտերի կիրառման տիրույթը, որը կարող է զանազան հիվանդությունների առաջացման կամ դրանց խթանման պատճառ հանդիսանալ:
Միջավայրի աղտոտվածության վնասակարությունը կենդանի օրգանիզմների վրա հնարավոր է խթանել էլեկտրամագնիսական դաշտերի միջոցով, որը մեծ վտանգ է ներկայացնում մարդկության համար, քանի որ այն կարող է ծառայել որպես միջավայրի ահաբեկչական գործիք: Հետևաբար, այդ դաշտերի կենսաբանական ազդեցության մեխանիզմների պարզաբանումն ու անվտանգության չափաբաժինների մշակումը Համաշխարհային Առողջապահական կազմակերպության հրատապ հարցերից է:
Նախորդ 8 գիտաժողովները կազմակերպվել են երկու տարին մեկ պարբերականությամբ՝ Եվրամիության անդամ երկրներում: 2014 թվականին Բուլղարիայում կայացած 8-րդ գիտաժողովի կազմկոմիտեն, հաշվի առնելով այն փաստը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնը համարվում է միջազգային հեղինակություն ունեցող գիտական կենտրոն, որոշել է հերթական 9-րդ գիտաժողովը կազմակերպել Հայաստանում:
Հաշվի առնելով այն, որ այդ գիտաժողովի մասնակցության հայտ էին ներկայացրել 13 երկրների առաջատար գիտնականներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության (Ֆրանսիա) և ՀՀ ԿԳ նախարարության հետ նախնական պայմանավորվածության համաձայն, նշված գիտաժողովի շրջանակներում կազմակերպում է հատուկ նիստ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի “UNITWIN” ծրագրով բժշկակենսաբանության բնագավառում (կենսաֆիզիկա և միջավայրի անվտանգություն) հետբուհական (գիտաուսումնական) միջազգային ցանցի ստեղծմանը:
Գիտաժողովը տեղի է ունենում Գառնիի «7 քար» համալիրում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ