Հաքերներն ԱԲ-ի օգնությամբ գողացել են Բելգիայի 1,2 միլիոն բնակչի տվյալները
Աշխարհ
Բելգիայի Ֆլանդրիա տարածաշրջանի 82 համայնքների շուրջ 1,2 միլիոն բնակչի և աշխատակցի անձնական տվյալներ են գողացվել խոշոր կիբերհարձակման հետևանքով։ Հարձակման մասին նոյեմբերի 25-ին հայտնել է բելգիական VRT հանրային հեռարձակողը՝ հղում անելով կիբերանվտանգության մասնագետներին։
Հաքերները, որոնք գործել են Ghost Hunters անվամբ խմբի շրջանակում, ներթափանցել են վերամշակման կենտրոնների տվյալները սպասարկող ընկերության կենտրոնական սերվեր։ Գողացված տեղեկությունների թվում են անունները, հասցեները, ծննդյան ամսաթվերը, ազգային գրանցման և անձնագրային տվյալները, բանկային հաշիվների համարները (IBAN), իսկ որոշ համայնքներում՝ նաև ավտոմեքենաների համարանիշները։
Կիբերանվտանգության Secutec ընկերության տվյալներով՝ հարձակվողն օգտագործել է չինական DeepSeek արհեստական բանականության մոդելը։ Նոյեմբերի 6-ից 15-ն ընկած ժամանակահատվածում նրան ավելի քան 5800 հրահանգ է տրվել, որոնցից ընդամենը 41-ն է արգելափակվել։ Մասնագետների գնահատմամբ՝ ԱԲ-ն հնարավորություն է տվել նույնիսկ սահմանափակ տեխնիկական գիտելիքներ ունեցող հարձակվողին իրականացնել լայնածավալ կիբերգործողություն։
Բելգիայի տվյալների պաշտպանության մարմինը զգուշացրել է, որ գողացված տեղեկությունները կարող են օգտագործվել անհատականացված խարդախ հաղորդագրությունների, կեղծ զանգերի և բանկային տվյալների միջոցով քաղաքացիներին թիրախավորելու համար։ Մարմինը բնակիչներին կոչ է արել չբացել կասկածելի հղումները և հեռախոսով կամ հաղորդագրություններով չփոխանցել գաղտնաբառերն ու բանկային կոդերը։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում