Մեկ օրում Կանարյան կղզիներ է ժամանել գրեթե 2000 ներգաղթյալ
Աշխարհ
Իսպանիային պատկանող Կանարյան կղզիներում նոյեմբերի 24-ին գրանցվել է մեկ օրվա ընթացքում ներգաղթյալների ժամանման նոր ռեկորդ։ Իսպանիայի ծովային փրկարար ծառայության տվյալներով՝ 15 նավակով կղզեխումբ է հասել 1990 մարդ։ Նրանց մեծ մասը ափ է դուրս եկել Էլ Իեռո կղզում։
Ժամանածների թվում եղել է շուրջ 100 անչափահաս, այդ թվում՝ երեխան, որը ծնվել է Աֆրիկայից դեպի կղզիներ կատարած վտանգավոր ճանապարհորդության ընթացքում։ Կանարյան կղզիների ղեկավար Ֆերնանդո Կլավիխոն կատարվածը պատմական օր է անվանել՝ ընդգծելով, որ փոքր կղզու ենթակառուցվածքները դժվարանում են ընդունել նման մեծ թվով մարդկանց։
Ներգաղթյալների մեծ մասը մեկնել է Սենեգալից և Գամբիայից։ Նոյեմբերին ծովային պայմանները համեմատաբար բարենպաստ են եղել, ինչը նպաստել է Արևմտյան Աֆրիկայից նավակների մեկնումների աճին։ Ատլանտյան օվկիանոսով անցնող այս երթուղին համարվում է աշխարհում ամենավտանգավորներից մեկը․ նավակները հաճախ գերբեռնված են, իսկ ճանապարհորդությունը կարող է տևել օրեր կամ նույնիսկ շաբաթներ։
Իրավիճակի պատճառով Կանարյան կղզիների իշխանությունները դիմել են կենտրոնական կառավարությանը և Եվրոպական միությանը՝ լրացուցիչ աջակցության խնդրանքով։ Reuters-ը նոյեմբերի 25-ին հաղորդել է, որ 24 ժամվա կտրվածքով ժամանումների թիվը գերազանցել է 2100-ը՝ տարբեր հաշվարկային ժամանակահատվածների պատճառով ավելի բարձր ցուցանիշ ներկայացնելով, քան նախորդ օրվա 1990-ի տվյալը։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում