ՄԱԿ-ը հորդորել է Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին՝ Հալեպում շուտափույթ համաձայնության հասնել հրադադարի շուրջ
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Հալեպի իրադրությունը կարող է բերել հումանիտար աղետի և հորդորել է Ռուսաստանին ու ԱՄՆ-ին՝ շուտափույթ համաձայնության հասնել քաղաքում և երկրի այլ շրջաններում կրակի դադարեցման շուրջ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Սիրիայում հինգ տարվա հակամարտության ընթացքում արյունահեղության ու տառապանքների հետևանքով Հալեպում մենք աննախադեպ հումանիտար աղետի վտանգի ենք բախվել»,- գրել է Պան Գի Մունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հղած իր վերջին հաշվետվության մեջ, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ:
«Տարածքի և ռեսուրսների համար մարտերն ընթանում են բնակելի թաղամասերի վրա անկանոն գրոհների միջոցով: Դրանց զոհ են դառնում հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ, այդ թվում՝ տասնյակ երեխաներ»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
«Հակամարտության կողմերից ոչ մեկը չի կատարում խաղաղ բնակչության պաշտպանության իր պարտավորությունները»,- հավելել է նա:
Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, ՄԱԿ-ում նշում են, որ Հալեպի շրջանում հուլիսի 7-ից ակտիվացել են մարտական գործողությունները կառավարական ուժերի և ոչ պետական զինված խմբերի միջև: Բախումների հետևանքով արգելափակված վիճակում է հայտնվել Արևելյան Հալեպի բնակիչներին հումանիտար օգնություն հասցնելու միակ ճանապարհը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը' REUTERS-ի


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում