Արևմուտքը միջուկային ծրագրի պատճառով սպառնում է Իրանին
Իրան
Իրանի և «Վեցնյակի» միջև Մոսկվայում կայացած երկօրյա բանակցությունների ընթացքում միջազգային միջնորդներին չի հաջողվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային կողմերի դիրքորոշումները մոտեցնել իրար, հաղորդում է BBC Russian–ը։
Բանակցությունների արդյունքների վերաբերյալ ամփոփիչ ելույթում Ֆրանսիայի ԱԳՆ–ն Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ուժեղացնելու կոչ է արել, մինչդեռ ԵՄ Արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Թեհրանն «առաջին անգամ է մտնում քննարկման բուն էության մեջ»։
Բանակցություններին իրանական կողմը ներկայացրել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին։ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Մոսկվայում ընթացող բանակցությունների «Վեցնյակը» ներկայացնում էին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ 5 երկրները և Գերմանիան։
«Վեցնյակը» փորձում էր Իրանին համոզել հրաժարվել ուրանի՝ 20%–ից ավելին հարստացման ծրագրից, քանի որ նմանաչափ հարստացումը չի կարող խաղաղ նպատակների համար ծառայել։ Սակայն Իրանը ցանկանում է շարունակել ուրանի հարստացումը և հասնել համաշխարհային տերությունների հետ գրավոր համաձայնագրի կնքման, որով կհաստատվի խաղաղ նպատակներով Իրանի միջուկային ծրագրի զարգացումը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru