Վազել սիրողների համար. Երեւանում կազմակերպվում են վազքի անվճար պարապմունքներ
Հասարակություն
Սիրում եք վազել, սակայն սուղ են ֆինանսական միջոցներն ու պրոֆեսիոնալ մարզչի մոտ մարզվելու ժամանակը. Երևանում անվճար վազքի հատուկ պարապմունքներ են բացվելու: «Օգնության կամուրջ» հիմնադրամը (Relief Bridge Foundation) «Վազորդ» ակումբի հետ համատեղ կազմակերպում է վազքի պարապմունքներ: Այս մասին հաղորդում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը: Պարապմունքները բաց են և անվճար բոլոր ցանկացողների համար։ Վազքի մարզումներին կարող են միանալ ինչպես սկսնակները, այնպես էլ փորձառու վազորդները։ Պարապմունքներն անցկացվում են շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ երեկոյան ժամը 7-ից։
Վազորդներին կմարզի մարզիչ Հայկ Միրզոյանը, ով ունի ՈւԵՖԱ-ի կողմից հավատարմագրված ֆուտբոլի մարզական Բ կարգի լիցենզիա, ինչպես նաև մեծահասակների և երեխաների համար ֆուտբոլի և աթլետիկայի մարզումներ անցկացնելու մեծ փորձ:
Այս ծրագրով «Օգնության Կամուրջ» հիմնադրամը և «Վազորդ» ակումբը նպատակ ունեն խրախուսել բոլորին ապրել առողջ կենսակերպով, զարգացնել վազքի սպորտը Հայաստանում, ինչպես նաև վերացնել սպորտով զբաղվելու ֆինանսական խոչընդոտները։ «Օգնության Կամուրջ» հիմնադրամը մտադիր է հետագայում ֆինանսավորել նման մարզումները նաև Հայաստանի այլ մարզերում։
Նախնական 2 տեղանքներն են Կոմիտասի այգի (հինգշաբթի օրերին - և Մանկական այգի (երկուշաբթի օրերին): Հետագայում դրանք կավելացվեն:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը