Հ1-ի ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից
Հասարակություն
ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին է վկայում Վարդան Հակոբյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում արված հրապարակումը, որտեղ ''REC'' գրառմանը կից հրապարակել է լուսանկար, որի վրա գրված է 2013-2020, ինչը նշանակում է, թե երբ է սկսել և ավարտել իր գործունեությունը Հանրայինում:
Նրա գործընկերները ֆեյսբուքյան էջում հրապարակում են «Մենք rec ենք» գրառումով նկարներ և մեծ ափսոսանք հայտնում, որ ի դեմս Վարդան Հակոբյանի՝ Հանրայինը կորցրեց լավ մասնագետ:
Չնայած դեռ առվոտից լրատվամիջոցները գրում էին, որ Վարդան Հակոբյանն ազատման դիմում է գրել, սակայն տեղեկությունը պաշտոնապես ոչ ինքը, ոչ Հանրային հեռուստաընկերությունը չէին հաստատում:
Ավելի վաղ, Հանրային ՀՌԸ խորհրդի նախագահ Արա Շիրինյանն էլ Lurer. com-ի հետ զրույցում չէր հերքել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի ու Լրատվական և քաղաքական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանի ազատման դիմումների հետ կապված տեղեկությունը: Քիչ առաջ Մարգարիտա Գրիգորյանը պաշտոնապես հայտարարեց աշխատանքից ազատման դիմում գրելու հանգամանքը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի հեռուստաուղերձի նախապատրաստական աշխատանքների կադրերը հայտնվել են համացանցում: Կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը հազում, դեղ և ջուր խմում: Սակայն քննարկման առարկան ոչ թե այս հանգամանքն է, այլ թե ինչպես է կադրերի արտահոսք եղել, ինչը դեռևս պարզված չէ: Նշենք, որ վարչապետի ելույթի ուղիղ եթերն ապահովել էր Առաջին ալիքը, որն ազատ կապուղուց օգտվելու հնարավորություն էր տվել 8 այլ ՀԸ-ների:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)