Զելենսկին կոչ է արել Եվրոպային օրինակ վերցնել Մեծ Բրիտանիայից
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արևմտյան երկրներին կոչ է արել օրինակ վերցնել Մեծ Բրիտանիայից և մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա, մասնավորապես՝ էմբարգո կիրառել ռուսական էներգետիկ ռեսուրսների վրա և ավելացնել զենքի մատակարարումներն Ուկրաինային։ Այս մասին նա հայտարարել է Կիեւում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ հայտարարության ժամանակ, փոխանցում է Ukrinform-ը։
«Մենք պետք է էլ ավելի մեծ ճնշում գործադրենք Ռուսաստանի Դաշնության վրա, ճնշում գործադրենք Ուկրաինայի ժողովրդին ուղղված արդյունավետ օգնությամբ` Ռուսաստանից պաշտպանվելու համար, հզոր ճնշում գործադրենք պատժամիջոցներով։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Մեծ Բրիտանիային այս հզոր պատժամիջոցները երկարացնելու համար՝ անընդհատ ավելացնելով փաթեթները։ Եվ նույնքան հզոր կերպով դա օգնում է Ուկրաինային՝ ուժեղացնելով մեր պաշտպանունակությունը։ Արևմտյան մյուս ժողովրդավարական պետությունները պետք է հետևեն Մեծ Բրիտանիայի օրինակին։ Ժամանակն է լիակատար էմբարգո մտցնել ռուսական էներգետիկ ռեսուրսների նկատմամբ, մեծացնել մեզ տրամադրվող բոլոր սպառազինությունների քանակը»,- ասել է Զելենսկին։
Նա նաեւ ասել է, որ ինքը բրիտանական կառավարության ղեկավարի հետ կարծում է, որ անհրաժեշտ է էլ ավելի ամրապնդել հակապատերազմական կոալիցիան։
Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ջոնսոնին Ուկրաինայի համար «չափազանց լարված, վտանգավոր, դժվարին» պահին կատարած այցի համար։
«Ուկրաինայի ժողովուրդը բարձր է գնահատում Մեծ Բրիտանիայի աջակցությունը մեր խաղաղության ճանապարհին»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։