Ջոնսոնն ու Բայդենը որոշել են վերջ դնել Ռուսաստանի էներգառեսուրսներից կախվածությանը
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պայմանավորվել են ուժեղացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցին հաջորդած հաղորդագրությանը։
Հաղորդվում է, որ քաղաքական գործիչները մտադիր են «վճռականորեն վերջ դնել Արևմուտքի` ռուսական նավթից և գազից կախվածությանը»՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության: Ջոնսոնը Բայդենին պատմել է Կիևին ուղղված Լոնդոնի աջակցության նոր փաթեթի մասին, որը ներառում է հականավային հրթիռներ և ռազմական մեքենաներ։ Վարչապետի խոսքով՝ դրանք Ուկրաինա պետք է ժամանեն առաջիկա օրերին և շաբաթներին։
Ջոնսոնը նաև ընդգծել է միջազգային հանրության «երկարաժամկետ հանձնառության» կարևորությունը «ազատ Ուկրաինայի» նկատմամբ և ցավակցություն է հայտնել Բայդենին Նյու Յորքի մետրոյում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, որի հետևանքով 16 մարդ է վիրավորվել։