ԵՄ-ն դեմ չէ Ուկրաինայի` թեկնածուի կարգավիճակին. Լյուքսեմբուրգի ԱԳՆ
ԱշխարհԵՄ երկրներից և ոչ մեկը դեմ չէ հունիսի 23-24-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալուն։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը՝ ժամանելով ԵՄ Ընդհանուր գործերի խորհրդի նիստին, գրում է TASS-ը։
«Եվրամիության երկրներից ոչ մեկը դեմ չէ Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակին,-ասել է նա։-Սակայն այս կարգավիճակը դեռ չի նշանակում մուտք ԵՄ»։
Երեքշաբթի օրը ավելի վաղ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան հայտնել էր, որ Եվրամիությունը պետք է Ուկրաինային շնորհի թեկնածուի կարգավիճակ՝ ուկրաինացիների ոգին պահպանելու համար, մինչդեռ իրական մուտքի համար դեռ «շատ քայլեր կան անելու»։ Նա ընդգծել է, որ այս քայլը միայն «հույսի խորհրդանիշ» է։
Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը առաջարկել է ԵՄ գագաթնաժողովին Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհել։