Ռուսաստանի պատճառով՝ աշխարհում սննդամթերքի աղետալի թանկացումներ են․ Զելենսկի
Աշխարհ«Ռուսական ներխուժումն Ուկրաինա ազդել է աֆրիկյան երկրների վրա՝ հացահատիկի արտահանման արգելափակման պատճառով՝ պարենային ապրանքների գների աճով»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Աֆրիկյան միության ասամբլեայի բյուրոյի նիստում։
«Սննդամթերքի աղետալի գների աճն արդեն պատերազմը միլիոնավոր աֆրիկացի ընտանիքների տուն է մտցրել այնպես, ինչպես Ասիայի, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի շատ ընտանիքներ։ Բոլոր մայրցամաքներում ցավալիորեն զգացվում է սննդամթերքի գների անարդար մակարդակը, որը հրահրվել է ռուսական պատերազմի պատճառով։ Բայց ձեր երկրների համար էլ, ցավոք, դա կարող է առանձնահատուկ խնդիր դառնալ»,- ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ մինչ «Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինա ներխուժումն» աշխարհում տեղի էին ունենում արտասովոր գնաճային գործընթացներ։ «Տարբեր պետություններ արդեն ուղարկել են հսկայական ֆինանսական ռեսուրսներ՝ աջակցելու տնտեսությանը COVID-19-ի պատճառով ճգնաժամի պայմաններում։ Սակայն սննդի պակասի հետ կապված՝ նման բան չկար։ Ճգնաժամը սկսվեց հենց փետրվարի 24-ին, երբ ռուսական նավատորմը արգելափակեց ուկրաինական նավահանգիստները Սև և Ազով ծովերի վրա։ Եվ եթե չլիներ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմը, պարենային ապրանքների շուկայում պարզապես դեֆիցիտ չէր լինի։ Եթե չլիներ ռուսական պատերազմը, մեր ֆերմերներն ու գյուղատնտեսական ընկերությունները այս տարի կկարողանային ռեկորդային բերք ապահովել։ Եթե չլիներ ռուսական պատերազմը, ապա Աֆրիկայում, Ասիայում և աշխարհի ցանկացած կետում մարդիկ չէին տուժի սննդամթերքի աղետալի թանկացումներից։ Պարզապես նման աղետալի թանկացում չէր լինի»,- ընդգծել է Զելենսկին։