Պուտինն Ուկրաինայի հետ պատերազմին պատրաստվել է առնվազն մեկ տարի և դեռ երկար կարող է պատերազմել․ Շոլց
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծիք է հայտնել, որ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի հետ պատերազմին նախապատրաստվել է առնվազն մեկ տարի։ Ուստի ՌԴ նախագահը կկարողանա «երկար ժամանակ» պատերազմել։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Շոլցի՝ CBS News ծրագրին տված հարցազրույցին։
Հարցին, թե որքա՞ն կարող է տևել պատերազմը, նա ասել է, որ իրականում ոչ ոք չգիտի, բայց Պուտինի երկարաժամկետ պլանը հուշում է, որ նա պատրաստ է երկարատև ռազմական գործողությունների։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում շատ մարդիկ են ապրում, և երկիրը զգալի ռեսուրսներ ունի։
«Կարծում եմ, որ այս պատերազմը սկսելու որոշումը կայացվել է դրա սկսվելուց մեկ տարի առաջ, կամ գուցե ավելի վաղ, քանի որ նա պատրաստվում էր դրան: Եվ այսպես, նա կկարողանա շարունակել պատերազմը շատ երկար», - ասել է Շոլցը։