Ռուսաստանում կրկին երկարաձգվել է թռիչքների արգելքը
ԱշխարհՌուսաստանի հարավային և կենտրոնական հատվածների 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը, RBC-ին հայտնել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչը։
Սահմանափակումները վերաբերում են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայանների թռիչքներին։
Գործակալությունն առաջարկել է որպես այլընտրանք օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։
Ինչպես հայտնի է, ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը փետրվարի 24-ին սահմանափակել էր թռիչքները Ռուսաստանի հարավային և կենտրոնական օդանավակայաններ Ռուսաստանի՝ Ուրաինայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր: Գործակալությունը ռուս-ուկրաինական սահմանի մոտ գտնվող օդային գոտին ճանաչել է՝ որպես քաղաքացիական ինքնաթիռների համար վտանգավոր և ռազմական գործողությունների ընթացքում 21 անգամ երկարացրել է արգելքը։ Վերջին սահմանափակումները գործում էին մինչև հուլիսի 6-ը։