Ուկրաինայում հակամարտությունը շուտ չի ավարտվի. The Times
ԱշխարհՄեծ Բրիտանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Թոնի Ռադակինը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հեռու է ավարտվելուց, կողմերի միջև կատաղի դիմակայությունը կշարունակվի, գրում է The Times-ը։
«Դեռևս չափազանց բարդ դիմակայություն կա, որը դեռ որոշ ժամանակ կշարունակվի», - ասել է Ռադակինը:
Նա «չափազանց կարևոր» է անվանել Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունները Խարկովի ուղղությամբ, քանի որ դրանք բարձրացնում են նրանց բարոյական ոգին։
Սեպտեմբերի 16-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սեվերսկի շրջանում ռուսական բանակի ճշգրիտ հարվածի արդյունքում զոհվել և վիրավորվել է Ուկրաինայի ԶՈւ 400 զինվոր։
Բացի այդ, ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուս զինվորականները խոցել են ուկրաինական բանակի 66-րդ մեքենայացված բրիգադի ժամանակավոր տեղակայման կետերը Խարկովի մարզի Դվուրեչնայա և Կուպյանսկ բնակավայրերի տարածքներում։ Ըստ ՌԴ նախարարության, խոցվել են նաև Խարկովում ազգայնական «Կրակեն» կազմավորման ժամանակավոր տեղակայման կետերը։