Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը ստուգել է Արցախի բռնազավթած տարածքներում տեղակայված զորամասերի մարտական պատրաստվածությունը
ԱշխարհԱշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Ամանորի տոնակատարության նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևն այցելել է Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքներում տեղակայված զորամասեր։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից APA-ին հայտնել են, որ «ԳՇ պետը ստուգում է անձնակազմի մարտական պատրաստվածությունը և հետաքրքրվում զինծառայողների ծառայողական-կենցաղային պայմաններով»։
«Գեներալ-գնդապետ Ք.Վելիևը, հանդիպելով մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ, տեղում ծանոթացել է նաև ներկա իրավիճակին։ Զեկուցվել է, որ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները զինծառայողների ծառայության և մարտական գործողությունների կազմակերպման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նա հանդիպել է հրամանատարական կազմի հետ և փոխանցել պաշտպանության նախարարի՝ ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման և ծառայության ընթացքում անձնակազմի զգոնությունը բարձրացնելու համապատասխան հանձնարարականները։
Նշվում է, որ հանդիպմանը մանրամասն քննարկվել են 2023 թվականի ընթացքում իրականացվելիք միջոցառումները։