Ինքնասպանություն՝ Երևանում. ՌԴ-ից Հայաստան ժամանած տղամարդը 3-րդ հարկից իրեն ցած է նետել
ՀասարակությունԱյսօր՝ հունվարի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի 5 հարկանի շենքի բակում հայտնաբերել են տղամարդու դի։ Տեղում ավագ պարեկներ Արամ Խաչատրյանը, Վլադիմիր Վաթյանը և պարեկ Դավիթ Ղազարյանը սահմանազատել են տարածքը, գրում է Shamshyan.com-ը։
Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հայրապետ Հայրապետյանի, ավագ քննիչներ Արթուր Զատիկյանի և Գևորգ Սիրականյանի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռթության հետքեր չեն հայտնաբերվել։
Քիչ առաջ կրտսեր պարեկներ Հովհաննես Հովհաննիսյանն ու Հայկ Ղազարյանը հարևանների հետ զրույցում պարզեցին, որ մահացածը նույն շենքի բնակիչ՝ 75-ամյա Սուրիկ Մ-ն է, ով 10 օր առաջ է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները, որպեսզի բացեն տան դուռը, որտեղ քննչական խումբը զննություն է կատարելու, քանի որ տղամարդը տանը եղել է միայնակ, երբ 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել։