Վուչիչը նշել է Սերբիայի՝ հակառուսական պատժամիջոցներին միանալու պայմանը
ԱշխարհԲելգրադը կմիանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միայն այն դեպքում, եթե վտանգի ենթարկվեն Սերբիայի ազգային շահերը։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ արձագանքելով «Միասին հանուն Սերբիայի» կուսակցության առաջնորդ Նեբոյշա Զելենովիչի՝ հակառուսական պատժամիջոցների քաղաքականությանը միանալու կոչին։ Քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք փոխի մեր քաղաքականությունը, Սերբիան չի հրաժարվի դրանից, քանի դեռ վտանգված չեն մեր երկրի կենսական շահերը։ Իսկ ես իրավիճակը գնահատում եմ այնպես, որ դրանք դեռ վտանգի տակ չեն հայտնվել։ Երբ հայտնվեն, ես դրանց չեմ վնասի հանուն ինչ-որ այլ երկրի»,- ասել է երկրի ղեկավարը՝ ելույթ ունենալով ազգային խորհրդարանում։
Վուչիչն իր ելույթում բազմիցս ընդգծել է, որ Սերբիայի ռազմական չեզոքության քաղաքականությունը «մեր քաղաքականությունն է»։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է լավ հարաբերություններ պահպանել Չինաստանի և Ռուսաստանի հետ։
Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ չի պատրաստվում նախաձեռնել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց։ Վուչիչը պնդել է, որ երկիրը կշարունակի ռազմական չեզոքություն պահպանել և կառուցել սեփական բանակը։