Պուտինը «մեծ սխալ» է թույլ տվել․ Բայդեն
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մեծ սխալ» է թույլ տվել՝ որոշելով դադարեցնել Մոսկվայի մասնակցությունը Վաշինգտոնի հետ համատեղ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրին, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է Associated Press-ը։
Գործակալությունը նշում է, որ սա ամերիկացի առաջնորդի առաջին մեկնաբանությունն է՝ կապված միջուկային հրթիռային պայմանագրի վերաբերյալ Մոսկվայի որոշման հետ։ Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցումն անվանել էր «անպատասխանատու» և ասել, որ Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած պահի քննարկել Մոսկվայի հետ սպառազինությունների սահմանափակման հարցը։
Պուտինը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցության դադարեցման մասին հայտարարել էր նախօրեին՝ փետրվարի 21-ին, Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ժամանակ։ Փետրվարի 22-ին համապատասխան օրինագիծը հավանության է արժանացել Պետդումայի և Դաշնության խորհրդի կողմից։