Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը, ինչպես նաև Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը։ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է օգնել Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։ Կրեմլը դեռևս չի հաղորդել բանակցությունների մասին, հայտնում է Kommersant-ը։
«Հայտարարելով, որ ռուս-ուկրաինական պատերազմում պետք է հաստատվի արդար խաղաղություն՝ առանց հետագա զոհերի և ավերածությունների՝ նախագահ Էրդողանն իր անկեղծ ցանկությունն է հայտնել, որ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունը վերականգնվի, և որ իրենք պատրաստ են ցանկացած ներդրում ունենալ այդ գործում», ասվում է հաղորդագրության մեջ։
Այսօր ավելի վաղ Թուրքիայի նախագահը զրուցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ Ուկրաինայում «հրադադարի հիման վրա» խաղաղության հասնելու համար։