Էդինբուրգի դքսուհուն ուղեկցող ոստիկանական մոտոցիկլետի կողմից վրաերթի ենթարկված կինը մահացել է
ԱշխարհԲրիտանիայի արքա Չարլզ 3-րդի կրտսեր եղբոր՝ Էդվարդի կնոջն ուղեկցող ոստիկանական մոտոցիկլետի կողմից վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Էսեքս կոմսության Բիրչենգեր գյուղի 81-ամյա բնակչուհի Հելեն Հոլանդը գրեթե 2 շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կյանքի համար: Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ Էդինբուրգի դքսուհի Սոֆին խորապես վշտացած է կնոջ մահվան կապակցությամբ և իր ցավակցություններն է հայտնում նրա ընտանիքին:
Հելեն Հոլանդը Լոնդոնում այցելում էր իր քրոջը, երբ մոտոցիկլետը հարվածել է նրան Վեսթ Քրոմվել Ռոուդ և Վարվիք Ռոուդ փողոցների խաչմերուկում: Հարվածից հետո կինը կոմայի մեջ է ընկել:
Լրատվամիջոցը նշում է, որ Սոֆին առանձին կկապվի Հոլանդի հարազատների հետ:
Ոստիկանությունը հետաքննում է վթարի հանգամանքները: