Անկարան պատրաստակամություն է հայտնել դառնալ Գազայում կարգավորման երաշխավոր
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես երաշխավոր երկիր Գազայի հատվածում ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ խնդրի կարգավորման գործընթացում՝ ստանձնելով երաշխավորի պատասխանատվությունը։ Իսլամական աշխարհը պետք է միասնական դիրքորոշում ընդունի և մեծացնի ճնշումն Իսրայելի վրա»,- ասվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ:
Հստակեցվում է, որ Տաշքենդում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է նաև, որ իսլամական աշխարհը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա։
Թուրքիայի նախագահը հայտնել է նաեւ, որ նոյեմբերի 15-ին Ստամբուլում նախատեսվում է միջազգային հանդիպում Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ։