Միջուկային զենք կիրառելու մասին խոսքերը սադրիչ են․ Զախարովա
ԱշխարհԵրուսաղեմի և հրեական պետության ժառանգության գործերով նախարարի հայտարարությունը՝ Գազայի հատվածի բնակիչների դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին, սադրիչ է և բացարձակապես անընդունելի։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած մեկնաբանության մեջ։
«Մենք այդ հայտարարությունները համարում ենք սադրիչ, բացարձակապես անընդունելի և շատ ուշագրավ»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Զախարովան հավելել է, որ իսրայելցի նախարարի հայտարարությունները հաստատում են, որ Իսրայելը միջուկային զենք ունի։
Նա հավելել է, որ Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքերից զերծ գոտի ստեղծելու հարցը գնալով ավելի արդիական և հրատապ է դառնում։ «Ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքերից և դրանց առաքման միջոցներից զերծ գոտի ստեղծելու հարցը գնալով ավելի արդիական և հրատապ է դառնում: Այս ուղղությամբ առաջընթացը, հիշեցնենք, սիստեմատիկորեն «տորպեդահարվում» է Իսրայելի կողմից՝ Միացյալ Նահանգների ակտիվ աջակցությամբ ու թողտվությամբ»,- ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ։