Հռոմի պապը կոչ է արել հրաժարվել Մերձավոր Արևելքում վրեժխնդրության գաղափարախոսությունից
ԱշխարհՀռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքի բոլոր ճակատներում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պոնտիֆիկոսը նշել է, որ հոկտեմբերի 7-ին լրանում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա հարձակման մեկ տարին։ Նա ասել է, որ միջադեպը հանգեցրել է «ավերիչ ռազմական գործողությունների», որոնք ազդել են պաղեստինյան բնակչության վրա:
Ֆրանցիսկոսն ընդգծել է, որ բոլոր ազգերն ունեն խաղաղության և անվտանգության իրավունք։ Ընդ որում, նրանց ինքնիշխանությունը պետք է երաշխավորվի երկխոսության, ոչ թե պատերազմի միջոցով, հավելել է Հռոմի պապը։
«Կոչ եմ անում միջազգային հանրությանը վերջ դնել վրեժխնդրության գաղափարախոսությանը, որպեսզի չկրկնվեն այնպիսի հարձակումներ, ինչպիսին Իրանի կողմից իրականացվել է մի քանի օր առաջ, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում էլ ավելի լայն պատերազմի»,- ասել է Ֆրանցիսկոսը։