Միացե՛ք, որպեսզի մեր հայորդիներն ազատ արձակվեն․ Լարիսա Ալավերդյանի կոչը
ՔաղաքականՀայստանից հարյուր հազարավոր դիմումներ ու պահանջներ ուղարկվեն ինչպես COP29-ի կազմակերպիչներին, այնպես էլ այն մարդկանց, որոնք անարգում են հայի արյունն ու մասնակցելու են այդ COP29-ին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ՄԱԿ-ի շենքի մոտ, բողոքի ակցիայի ժամանակ, հայտարարեց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
«Ես համոզված եմ, որ մեր երկրում չպիտի գտնվի այնպիսի մի կազմակերպություն կամ էլ կուսակցություն, որը մինչև COP29-ի անցկացվելը չդիմի այն մարդկիանց ու կազմակերպություններին, որոնք մասնակցելու են այդ համաժողովին» ,- շեշտեց նա։
ՀՀ առաջին ՄԻՊ-ը վստահ է՝ եթե Հայաստանում լինեն այնպիսինները, որոնք չբարձրաձայնեն այս խնդիրն ու չխոսեն այս մասին, ապա նրանք թշնամի պետության հանցակիցը կդառնան։ Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց նաև այն հանգամանքը, որ արցախցիներին տնավեր անելուց հետո թշնամին Արցախում ոչնչացնում է բոլոր մշակութային կոթողներն ու Արցախից ջնջում հայի գոյության վկայությունները։
«Իմ հորդորն է՝ միացե՛ք, որպեսզի մեր հայորդիներն ազատ արձակվեն» ,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ այս րոպեներին բողոքի ակցիաներ են իրականացվում ՄԱԿ-ի շենքի և մի շարք դեսպանատների մոտ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ։