Վրաստանում ընդդիմությանը չեն խնդրելու մտնել խորհրդարան․ Մամուկա Մդինարաձե
ԱշխարհՎրաստանի իշխանությունները, ի տարբերություն 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների, ընդդիմությանը չեն խնդրելու մտնել խորհրդարան և սկսել աշխատանքը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, Euromedia24.com-ի հաղորդմամբ՝ հայտնում են վրացական ԶԼՄ-ները։
2020 թվականին՝ խորհրդարանական ընտրություններից հետո, ընդդիմությունը հրաժարվեց ճանաչել քվեարկության արդյունքները և հայտարարեց նոր խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու մասին։ Բոյկոտը տևեց մի քանի ամիս, որից հետո ընդդիմությունը վերջապես մտավ օրենսդիր մարմին և սկսեց աշխատել։
Վրաստանում ընթացիկ խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93%-ով եւ ստացել օրենսդիր մարմնում 150 մանդատներից 89-ը։