Ռուսաստան-ԱՄՆ փոխգործակցությունը կարող է վերածվել ավելի լայն հարաբերությունների․ Ուոլց
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարող են նոր մակարդակի հասնել և վերաճել «լայն հարաբերությունների»։ Այս մասին մարտի 16-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
«Ես առաջ չեմ ընկնի նախագահից կամ նրա որոշումներից։ Նա դա մտցրել է օրակարգում, ինչպես նաև օրակարգ է մտցրել Ռուսաստանի հետ ավելի լայն և այլ երկկողմ հարաբերությունները»,- ասել է Ուոլցը՝ պատասխանելով Fox News-ի հարցին:
Սակայն Թրամփի խորհրդականը չի բացառել, որ Սպիտակ տան վարչակազմը կարող է ճնշում գործադրել Մոսկվայի վրա։
Մարտի 15-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել հարաբերությունների վերականգնումը երկրների միջև։ Մարտի 14-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «բարդ» էր անվանել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման գործընթացը։
