Բելառուսը «Օրեշնիկի» տեղակայման վայրեր է պատրաստել
Աշխարհ
Բելառուսում ռուսական «Օրեշնիկ» հրթիռային համալիրի տեղակայման վայրեր են նախապատրաստվել։ Այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
Նրա խոսքով, Բելառուսն արդեն ծրագրում է մոտ ապագայում որոշակի քանակությամբ տրանսպորտային միջոցներ փոխանցել Ռուսաստանին, որոնց վրա կտեղադրվի «Օրեշնիկը»։
«Այս հրթիռային համալիրն ասես միութենական պետության արտադրանք է: Քանի որ բազան՝ հիմնական մեքենան, արտադրվում է Բելառուսի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում, իսկ ոչնչացման միջոցները՝ հրթիռները, արտադրվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Եվ մենք ավարտում ենք այդ մեքենաների անհրաժեշտ քանակի արտադրությունը, որոնք շուտով կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ դրանց վրա ոչնչացման միջոցներ տեղադրելու համար»,- ասել է նա։
«Օրեշնիկը» Բելառուսում տեղակայելու հնարավորության մասին հայտնի դարձավ 2024 թվականի վերջին։ Սպասվում է, որ համալիրը հանրապետությունում կհայտնվի այս տարվա երկրորդ կեսին։
