Պաղեստինցիները պատրաստ են տեղափոխվել միայն Երուսաղեմ․ ՀԱՄԱՍ
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պաղեստինցի ժողովուրդը պատրաստ է տեղափոխվել միայն Երուսաղեմ։
«Մեր պաղեստինցի ժողովուրդը կմնա անդրդվելի իր հողում՝ պայքարելով իր իրավունքների համար, և կմերժի բռնի կամ կամավոր տեղահանման բոլոր փորձերը: Մենք հստակ ասում ենք՝ վերաբնակեցում կարող է լինել միայն Երուսաղեմ», - ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:
Երեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հարձակումները շարունակվում են, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատելու ԱՄՆ ծրագիրը: ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզզաթ ալ-Ռիշքն ասել է, որ Նեթանյահուի որոշումը՝ վերադառնալու պատերազմին, նշանակում է մահապատիժ Գազայի հատվածում իսրայելցի պատանդների համար։
Պաղեստինյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեքշաբթի առավոտվանից Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 470-ը։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն մարտերը չեն վերսկսվել միջնորդների փորձերի պատճառով՝ կողմերին ներգրավելու Գազայի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Այնուամենայնիվ, Իսրայելը դադարեցրեց էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատվածում գտնվող աղազերծման կայանին և փակեց մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը:
