Հնդկաստանում տղամարդը փորձել է ինքնուրույն հեռացնել իր կույր աղիքը
Աշխարհ
Հնդկաստանում տղամարդը փորձել է հեռացնել սեփական կույր աղիքը YouTube-ում դասընթաց դիտելուց հետո և հայտնվել վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է տեղական Times of India-ն։
Գյուղաբնակ 32-ամյա Ռաջաբաբու Կումարը համարձակ քայլի է դիմել՝ կատարելով իր սեփական վիրահատությունը առցանց բժշկական տեսանյութեր դիտելուց հետո։ Մշտական որովայնի ցավերից տառապող տղամարդը փակվել է սենյակում, ցավազրկող է խմել և որովայնի ստորին աջ մասում կտրվածք է արել։ Սակայն ընթացակարգը նախատեսվածի համաձայն չի ընթացել։
Երբ ցավն ուժեղացել է, և արյունահոսություն է սկսվել, նա փորձել է կարել վերքը, սակայն կարերն անհարթ են եղել, և արյունահոսությունը չի դադարել։ Վախեցած Ռաջաբաբուն դեպքի մասին հայտնել է իր ընտանիքի անդամներին, ովքեր նրան անմիջապես տեղափոխել են շրջանային հիվանդանոց։
Հիվանդի եղբոր որդու խոսքով՝ իր հորեղբայրը որոշել է գնալ այս քայլին՝ որակյալ բուժօգնության անհասանելիության պատճառով։
