Վրաստանում կարգելվի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը
Աշխարհ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և դրա հետ կապված այլ կուսակցություններ, կհայտարարվեն ոչ սահմանադրական և կզրկվեն ընտրություններին մասնակցելու իրավունքից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Արդեն այս փուլում հստակ երևում է, որ խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունը կլինի ամուր իրավական հիմք այս կուսակցությունների ոչ սահմանադրական հայտարարելու համար, և ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանը կընդունի օբյեկտիվ որոշում», – նշել է Մդինարաձեն ճեպազրույցի ընթացքում։
Վերջինս նշել է, որ Սաակաշվիլիի կառավարման տարիներին (2003-2012) կատարված հանցագործությունների վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովի մի քանի նիստեր արդեն ցույց են տվել, թե ինչ վտանգի առաջ կարող է կանգնել երկիրը, եթե «Միացյալ ազգային շարժումը» կրկին վերադառնա իշխանության։
