Ապարանի տարածաշրջանում գրանցված դեպքերի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են
Հասարակություն
Հունիսի 16-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակել են Ապարանի տարածաշրջանում նախօրեին՝ հունիսի 15-ին, գրանցված ուժեղ քամու հետևանքների վերացման աշխատանքները։
Վթարավերականգնողական և տեխնիկական աշխատանքներին մասնակցել է 205 փրկարարական ծառայող։ Աշխատանքներն իրականացվել են ինտենսիվ ռեժիմով՝ Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում։ Փրկարարները կատարել են շենք-շինությունների տանիքներից վտանգավոր կերպով կախված թիթեղների և կառուցատարրերի ապամոնտաժում և հեռացում, ինչպես նաև՝ վնասված ծառերի մասնատում և դուրսբերում։ Էլ․ ցանցի մասնագետների հետ համագործակցությամբ ապամոնտաժվել են վնասված էլեկտրասյուներ։
Ապարանի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ուժեղ քամու հետևանքով վնասվել են շուրջ 140 բնակելի տուն և ավտոտնակ, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքի և 17 կազմակերպությունների տանիքներ, 34 տրանսպորտային միջոց, մոտ 200 ծառ, 60 էլեկտրական սյուն, 50 փողոցային լուսավորության սյուն և 15 արևային կայան։
Աշխատանքները շարունակվել են ամբողջ ծավալով՝ ուղղված բնական աղետի հետևանքների վերացմանն ու բնակչության բնականոն կենսապայմանների վերականգնմանը։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին