Զելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա ՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար Սովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ) Հայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում Գյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե Սա գոյաբանական կռիվ է և դե ֆակտո ԱՄՆ-ի պարտությունը. Շահնազարյան Չեչնիայում երկար մազերի, պարտքերի համար ստիպում են գնալ պատերազմ Տեբասը ՖԻՖԱ-ին մեղադրել է ֆուտբոլը վնասելու մեջ 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում 

Փայլակ Միրզոյան․ նոր էջ հայկական կանոէի և ակադեմիական թիավարության պատմության մեջ

Սպորտ

ԼՈւՐԵՐ.com-ը զրուցել է Հայաստանի Ազգային Կանոէ Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ֆեդերացիայի մարզիչ, ՀՀ սպորտի վարպետ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ բազմակի չեմպիոն Փայլակ Միրզոյանի հետ:

2011 թվականից՝ ջրային սպորտում,2019-ից մարզիչ իսկ 2021-ից՝ նույն ոլորտի ղեկավար կազմի անդամ։ Մարզիկից՝ ջրային մարզաձևի կառավարման մարմնի անդամ՝ ընդամենը 23 տարեկանում։ Փայլակ Միրզոյանը ոչ միայն փոխեց իր դերակատարությունը, այլև ձևավորեց ոլորտի զարգացման նոր մոտեցում՝ գործնականից անցնելով ռազմավարականի։

Այսօր նա Հայաստանի ազգային կանոէ և ակադեմիական թիավարության ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է, ոլորտի այն նորարար առաջնորդներից մեկը, ով վերջին տարիներին հանդես է եկել ռազմավարական նախաձեռնություններով՝ էապես վերափոխելով սպորտաձևի զարգացման տրամաբանությունն ու ապագա ընթացքը։

- Պարոն Միրզոյան, շնորհակալություն, որ մեզ հետ զրույցի ժամանակ գտաք։ Կպատմե՞ք, թե ինչ ճանապարհ եք անցել՝ մարզիկի գործունեությունից մինչև մարզչական աշխատանք և, ի վերջո, ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պատասխանատու պաշտոնը։ Ի՞նչ կարևոր փորձ և դասեր եք ձեռք բերել այս ընթացքում:

- Շնորհակալ եմ հրավերի համար։ Այս անցումը մի կողմից բնական էր, մյուս կողմից՝ լի էր բարդ ու պատասխանատու մարտահրավերներով։ Մարզիկ լինելու ժամանակ՝ կենտրոնացած էի սեփական արդյունքների և մարզումների վրա։ Սակայն կառավարման ոլորտ անցնելիս, հատկապես որպես ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, պատասխանատվության շրջանակը զգալիորեն ընդլայնվեց։ Այժմ մտածում եմ ամբողջ համակարգի մասին՝ մարզիչներից և մարզիկներից մինչև ծրագրեր, միջազգային համագործակցություն և միջոցների արդյունավետ բաշխում։

2019 թվականին, դեռևս ակտիվ մարզիկ լինելով, սկսել եմ աշխատել նաև որպես մարզիչ։ Այդ փուլում փորձում էի համատեղել՝ մի կողմից շարունակելով իմ անձնական մարզումները, մյուս կողմից պատրաստելով երիտասարդ մարզիկներին։ Դա չափազանց բարդ ընթացք էր, բայց նաև կարևոր փորձառություն, որն ինձ արժեքավոր դասեր ապահովեց։

Երբ 2021 թվականին ընտրվեցի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, որոշեցի վերջնականապես դադարեցնել պրոֆեսիոնալ մարզումներս։ Բայց մարզչական գործունեությունը շարունակեցի, արդեն զուգահեռ ֆեդերացիաի գործերին։ Շարունակում էի նաև իմ թիմի մարզումը, մարզումների կազմակերպումը և ծրագրային նախապատրաստության վերահսկողությունը։

2022-ի ամռանը անձամբ տարա երկու մարզիկների Մոսկվա՝ Մեծ Մոսկովյան ռեգատային մասնակցելու։ Հետագայում շարունակեցի նրանց նախապատրաստությունը Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարին նրանց ուղեկցեց ավագ մարզիչը, քանի որ ես զբաղված էի ֆեդերացիայի աշխատանքներով։ Այնուամենայնիվ, մարզումների և կազմակերպչական ողջ գործընթացը վերահսկվում էր իմ կողմից։

Այս փորձը՝ մարզիկից մարզիչ, ապա՝ ղեկավար, ինձ հնարավորություն տվեց համակարգը ամբողջովին ընկալել։ Ես տեսել եմ ամեն ինչ ներսից՝ ջրից, ափից և ղեկավարի սենյակից։ Այս համապարփակ պատկերն օգնում է այսօր կայացնել ճիշտ որոշումներ։

Մարզիկի մոտիվացիայի վրա հաճախ ազդում են փոքր մանրամասներ՝ նավակի վիճակը, մրցումների առկայությունը կամ տեխնիկական խնդիրները։ Եթե եղել ես մարզիկ, խնդիրներն ու իրավիճակը միանգամից զգում ես ։ Ես իրավիճակին նայում եմ ոչ միայն որպես ղեկավար, այլ նաև որպես մարզիչ և նախկին մարզիկ, ինչը մեծ օգտակար է՝ կանխարգելելու, հասկանալու և զարգացնելու համար։

Մարզվելն ամենահեշտն էր, իսկ ղեկավարման մեջ պատասխանատվությունն է ամենակարևորը։ Երբ տեսնում ես թիմի առաջընթացն ու արդյունքները, դառնում ես ոչ միայն մասնակից, այլև շարժիչ ուժ։ Եվ դա ինձ մոտիվացնում է:

-2022 թվականից, Ձեր ակտիվ ներգրավվածությամբ, ֆեդերացիայում իրականացվել են մի շարք նկատելի փոփոխություններ։ Ինչպե՞ս կգնահատեք այս ժամանակահատվածը։

- Մեր ֆեդերացիան իր գործունեության առաջին իսկ տարիներից անդամակցել է միջազգային ֆեդերացիաներին՝ մասնավորապես ICF-ի, ECA-ի և FISA-ի (ներկայում՝ World Rowing) շրջանակներում։  2022 թվականից սկսած մեր ներգրավվածությունը ստացավ նոր թափ ու խորություն։ Այդ տարվանից համագործակցությունները դարձան շատ ավելի կառուցվածքային, պարբերական ու նպատակային։ Մենք սկսեցինք ակտիվ ներգրավվել տարածաշրջանային և եվրոպական նախաձեռնություններում, իսկ միջազգային կապերը սկսեցին իրական աջակցություն ցուցաբերել՝ ոչ միայն խորհրդատվական, այլ նաև գործնական մակարդակով։

Ստացանք աջակցություն ուսումնամարզական հավաքների, մասնագիտական սեմինարների, մրցումային գործընթացների կազմակերպման հարցերում։ Այդ համագործակցությունների շնորհիվ մեր մարզիկները շարունակում են մասնակցել միջազգային միջոցառումներին նույնիսկ ամենաբարդ փուլերում։ Մենք նաև շարունակում ենք ընդգրկված մնալ ICF-ի և FISA-ի (ներկայում՝ World Rowing) զարգացման ծրագրերում, որը ոչ միայն պատիվ է, այլ նաև մեծ պատասխանատվություն։

- Ի՞նչ աջակցության մասին է խոսքը։

-Բերեմ մի քանի շատ կոնկրետ օրինակ։ Վերջին տարիներին մեզ հաջողվել է մասնակցել ուսումնամարզական հավաքների տարբեր երկրներում՝ FISA-ի և ICF-ի հրավերով, որոնք ամբողջությամբ ֆինանսավորվել են կազմակերպիչների կողմից։ Այդ հավաքների ժամանակ մեր մարզիկները մարզվել են աշխարհի բարձրակարգ թիմերի հետ, ստացել են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական փորձ։

Բացի այդ, մի շարք մրցաշարերի մասնակցելիս ստացել ենք աջակցություն ճանապարհածախսերի, մասնավորապես՝ ավիատոմսերի ձեռքբերման հարցում։ Որոշ դեպքերում օգնել են նաև հյուրանոցների ամրագրման ու տեղում նավակների տրամադրման հարցում։ Սա մեզ հնարավորություն է տվել մասնակցել նույնիսկ այնպիսի մրցումների, որոնք մեր բյուջեի պայմաններում գրեթե անհասանելի են։

Աջակցություն ենք ստացել նաև մարզչական վերապատրաստման ծրագրերի շրջանակներում՝ ինչպես առցանց, այնպես էլ  առկա մասնակցությամբ։ Այս ամենը վկայում է, որ մեր միջազգային գործընկերները ոչ միայն գնահատում են մեր ներուժն  ու աճը, այլև պատրաստ են ներդրում անել  զարգացման ճանապարհին։

- Ի՞նչ ռազմավարական ուղղություններով է հիմա շարժվում ֆեդերացիան։

-Մենք ունենք չորս հիմնական ուղղություն, որոնք դրված են մեր զարգացման հիմքում։

  1. Ինֆրաստրուկտուրայի բարելավում։ Մեր հիմնական բազան այսօր Երևանն է՝ Հրազդան գետի հատվածում։ Վերջին տարիներին այդ տարածքը բարելավման կարիք ուներ, և մենք սկսել ենք քայլ առ քայլ այն կարգի բերել՝ որպեսզի դառնա կայուն մարզական հենակետ։ Միաժամանակ չենք մոռանում Սևանը՝ որպես կարևոր նշանակության մարզավայր, որտեղ նույնպես փորձում ենք պահպանել ակտիվությունը։
  2. Երիտասարդների ներգրավում և երիտասարդ մասնագետների ակտիվ մասնակցություն
    Հրազդանում արդեն ներգրավվել են երիտասարդ մարզիչներ, որոնք նոր շունչ են բերել մարզական կյանքին։ Մեր երիտասարդ սպորտային գործընկերները՝ ֆեդերացիայի աջակցությամբ, հիմնել են Սևանի թիավարության ակումբը, որը սերտորեն համագործակցում է ֆեդերացիայի հետ և մասնակցում է Հայաստանի առաջնություններին։Սևանում գործող մարզադպրոցը շարունակում է իր գործունեությունը՝ հիմնականում կանոէի ուղղությամբ, իսկ ակումբի շնորհիվ ակադեմիական թիավարությունը ևս ներգրավվել է Սևանի պատանիների առօրյայում։ Վստահ եմ, այն կզարգանա արագ տեմպերով։
  3. Մարզիչների և մրցավարների համակարգի զարգացում։ Սկսել ենք տեղական վերապատրաստման գործընթացներ՝ միջազգային կառույցների աջակցությամբ։
  4. Հայաստանի տեսանելիությունը միջազգային ասպարեզում։ Մեր նպատակը պարզապես ներկայանալը չէ, այլ հեղինակություն ստեղծելը։

-Ո՞րն է այսօր ոլորտի ամենամեծ մարտահրավերը։
- Առանց երկմտելու  կարող եմ ասել՝ մեր ամենամեծ մարտահրավերը ֆինանսական կայունության բացակայությունն է։ Կարող ես ունենալ հստակ ռազմավարություն, ներգրավել նոր սերնդի մասնագետներ, մշակել զարգացման ծրագրեր, ձևավորել մարզիկների համար հեռանկարային ուղիներ, բայց եթե բյուջեն չի ապահովում այդ նախաձեռնությունների իրականացումը՝ ամեն ինչ մնում է գաղափարի մակարդակում։ Այսօր մենք ունենք տեսլական, աշխատուժ և նվիրված թիմ։ Չկա միայն կայուն ֆինանսական հիմքը, որն այդ ամենը պետք է պահի։

Մեր սպորտաձևի առանձնահատկություններից մեկն այն է, որ նյութատեխնիկական բազան ինքնին բարձրարժեք է։ Մի նավակի արժեքը հաճախ համարժեք է փոքր մեքենայի գնին։ Իսկ այսօր մեր մարզիկներից շատերը մարզվում են նավակներով, որոնց գործածման ժամկետը վաղուց սպառվել է՝ 10-15 տարվա հնություն ունեցող գույք է։ Այդ տեխնիկական սահմանափակումները որոշ դեպքերում լրջորեն ազդում են մարզման որակի վրա։ Երբեմն նույնիսկ պահեստամասերի պակաս կա․ ստիպված ենք լինում տեղում համադրել տարբեր մոդելների թիեր ու նստարաններ:

Մյուս լուրջ խնդիրն արտագնա մրցաշարերին մասնակցության ֆինանսական բեռն է։ Թռիչքների, բնակության և գրանցման ծախսերը միասին կարող են ծանրանալ ցանկացած բյուջեի վրա։ Մենք այժմ տարբեր ուղիներով փորձում ենք գտնել նոր ֆինանսավորման աղբյուրներ։ Մասնավորապես՝ տեսնում ենք համագործակցության հնարավորություններ սփյուռքի շրջանակում։

Ամփոփելով՝ կարող եմ ասել՝ համակարգը պատրաստ է զարգացման։ Կան հստակ ուղղություններ, մարդիկ ու թիմ, բայց առանց կայուն ֆինանսական աջակցության երկարաժամկետ արդյունք ակնկալելն իրատեսական չէ։

-Նայելով Ձեր անցած ճանապարհին՝ մարզիկի, մարզչի և ղեկավարի դերերում, ո՞ր իրադարձությունն եք համարում Ձեր կարիերայի ամենամեծ և նշանակալի հաջողությունը։

-Իմ անձնական սպորտային հաջողությունները կարևոր փորձառություն են ինձ համար։ Սակայն կարիերայի ամենամեծ և ամենաարտահայտիչ հաջողությունն համարում եմ իմ մարզիկի նվաճումները՝ 2021 թվականին Վրաստանի Մցխեթա քաղաքում կայացած միջազգային առաջնությունում, որտեղ նա նվաճեց երկու մեդալ։

Նա առաջին տեղը զբաղեցրեց մեկտեղանոց մրցատեսակում և երկրորդ տեղը՝ երկտեղանոց մրցատեսակում։ Այս ձեռքբերումը չափազանց կարևոր է ինձ համար, քանի որ դա ցույց է տալիս ոչ միայն մարզիկի անհատական ուժը, այլև մեր համատեղ աշխատանքի արդյունքը՝ մարզչի և մարզիկի՝ միասնական նպատակների ու նվիրվածության արդյունքը։

Երբ տեսնում եմ, թե ինչպես է իմ մարզիկը հասնում այդ հաջողություններին միջազգային ասպարեզում, հասկանում եմ, որ իմ գործունեությունը, որպես մարզիչ, ավելի մեծ ազդեցություն ունի, քան միայն իմ անձնական մարզական փորձը։ Դա ինձ ոգևորում և ուժ տալիս է շարունակելու  ապագա սերնդի հետ աշխատանքը։

-Ինչպե՞ս կցանկանայիք եզրափակել մեր զրույցը։

- Ջրային սպորտաձևերը միայն մրցումներ չեն։ Դրանք կարգապահություն են, բնության հետ ներդաշնակ կապ, թիմային մտածողություն և պատասխանատվության զգացում։ Հայաստանում մենք ունենք բնական պայմաններ, մարդկային ներուժ և՝ ամենակարևորը, հայրենասիրություն։ Եթե համախմբենք մեր ջանքերը, վստահ եմ՝ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատարներից մեկը ջրային մարզաձևերում։

Թեև ես դեռ երիտասարդ եմ, սակայն այս ոլորտում արդեն բավական երկար ճանապարհ եմ անցել։ Եվ այսօր հստակ գիտակցում եմ, թե սպորտն ինչ արժեքներ է փոխանցել ինձ։ Առավելապես՝ ակադեմիական թիավարությունն է ձևավորել իմ մտածողությունը, տոկունությունը, կարգապահություն:

Համոզված եմ՝ յուրաքանչյուր երեխայի կամ պատանու կյանքում սպորտային դաստիարակությունը կարող է դառնալ հիմնաքար։ Սպորտը սովորեցնում է կյանքի կարևորագույն հմտությունները՝ պայքարել, պարտվել, հաղթել, կանգնել և ամեն անգամ նորովի շարունակել։

Իսկ ինձ համար ակադեմիական թիավարությունը պարզապես մարզաձև չէ։ Դա իմ տարերքն է։

Հարցազրույցը՝ Արմեն Պետրոսյանի

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քնի պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ. ինչ են խորհուրդ տալիս մասնագետներըԱրհեստական բանականության դարաշրջան․ ի՞նչ մարտահրավերների է բախվում աշխարհըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԶելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըՄԱԿ-ը զգուշացնում է կլիմայական փոփոխությունների հետևանքով աճող ջրային ճգնաժամի մասինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինԵՄ-ն և Հնդկաստանը քննարկել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացումըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթըՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. ԹրամփՀայաստանն ու Կանադան վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունըԺամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասինԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել մի շարք երկրների նկատմամբՄխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԳարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկՍովը մտնում է գյուղեր․ սոցիալական բունտ է հասունանում (տեսանյութ)Գուֆի հիվանդանոցային լուսանկարներում երկրպագուների ուշադրությունը գրավել են նրա սանդալներըԻսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետոՀայաստանի կանանց Մ-18 բասկետբոլի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումՀՖՖ-ն հրապարակել է ՀՊԼ անցած մրցաշրջանի լավագույնների անուններըԳիտնականը զգուշացրել է Սիբիրում մեղուների զանգվածային անկման վտանգավոր հետևանքների մասինԳյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ է. փորձագետներն` արտահանման խնդիրների և սպասվող վտանգավոր հետևանքների մասին Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտեՍա գոյաբանական կռիվ է և դե ֆակտո ԱՄՆ-ի պարտությունը. ՇահնազարյանԱննա Սեդոկովայի մոսկովյան համերգը չեղարկվել է տոմսերի ցածր վաճառքի պատճառովՉեչնիայում երկար մազերի, պարտքերի համար ստիպում են գնալ պատերազմ Տեբասը ՖԻՖԱ-ին մեղադրել է ֆուտբոլը վնասելու մեջ 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում Ինձ ձեռք մի՛ տուր, թե չէ կուտեմ քեզ․․․բազառ է դառնալու ԱԺ-նՈվքեր կլինեն ԱԺ-ում. Իսրայելը հրաժարվել է հարվածել Իրանին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը ստուգել է «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղ, արձանագրվել է 50 խախտումՖերնանդեսը՝ Արգենտինայի հավաքականի մասին․ «Մենք միշտ պայքարել ենք մինչև վերջ»Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՆԳ նախարար (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել ԿարապետյանինՊենտագոնի ղեկավարի կոշտ նախազգուշացումը Իրանին․ «Հարվածը կլինի տասնապատիկ ուժեղ»«Մի տարի առանց քեզ, մեր հրեշտակ»․ Ռուզան Ավետիքյանը՝ ցավալի կորստի մասին Հորդառատ անձրևներից հետո ասֆալտը սկսել է հալվելՎահագն Հովակիմյան․ «2026-ի ԱԺ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ»Իրանական հարվածներից վնասվել են Քուվեյթի էներգետիկ օբյեկտները Հայաստանի Մ-17 ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը
Ամենադիտված