Ես չեմ ուզում խոսել իմ պլանների մասին, շուտով դուք կլսեք իմ անունն ավելի բարձր (տեսանյութ)
ՀասարակությունԱրցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված Գևորգ Ջավաղյանը, ով հանրությանը հայտնի էր «Ոսկե դպրոց» հումորային նախագծից, 19 տարեկան էր, Երևանից: Սովորում էր Երևանի Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցում, բանակ էր զորակոչվել 1 տարի առաջ:
«Ամեն անգամ մտնում էր դասարան ու հարցնում՝ ով է դասարանի ամենասիրուն աշակերտը ու բոլորս իրեն էինք մատնացույց անում: Բոլորին նմանակում էր, վերջին զանգին իր դասընկերներին էր նմանակել՝ ֆիլմերից հատվածներ էր կտրել ու իրենց ձայնով խոսում էր: Օրերս բանակից զանգել էր ինձ, վերջում ասաց՝ ընկեր Սարգսյան, գիտեք չէ՝ բարձրախոս էի միացրել ու բոլորը լսեցին, թե Դուք ինձ ինչքան եք սիրում: Հաճախ էր զանգում, ասում էր՝ լավ ա լինելու, գալու եմ, էլի ենք քեֆ անելու. Գևորգն ուղղակի լույս էր: Երբ բարկանում էի, դասարանում բոլորը Գևորգին էին ցույց տալիս, մի փոքր հումոր էր անում, բարկությունս անցնում էր ու սկսում էի ժպտալ: Դրական աուրայով էր Գևորգը, նրան Լույս էինք անվանում»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գևորգի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարգարիտա Սարգսյանը:
Լուսավոր ու կենսախինդ Գևորգը դասարանի ուրախությունն ու ժպիտն էր, մի փոքր նեղացկոտ, բայց մեծ ու բարի սրտով. «Որ դասի չէր գալիս, իր բացը շատ էինք զգում ու շատ տխուր էր անցնում օրը: Յուրաքանչյուր բնագավառում փորձում էր իրեն. երգ, դերասանություն: 9 տարի միասին ենք սովորել, հաճախել նույն մանկապարտեզը: Միշտ պատրաստ էր ցանկացած հարցով օգնելու դիմացինին, եթե նույնիսկ գիտակցեր, որ չի կարողանա օգնել, միևնույն է՝ ամեն գնով փորձում էր դիմացինի համար ինչ-որ լավ բան անել»,- մեզ հետ զրույցում պատմեց հերոսի դասընկերուհին՝ Անժելա Ավետիսյանն ու հավելեց. «Միշտ հպարտացել ենք իրենով ու հիմա, առավել քան հպարտ ենք»:
Գևորգը նաև շատ նպատակասլաց էր: Նրա ընկերը՝ Ռաֆ Ստեփանյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ եթե Գևորգը մտքին մի բան էր դնում՝ անպայման հասնում էր. «Շատ էր ուզում դառնալ պրոֆեսիոնալ բիթ-բոքսեր, իսկ Երևանում բիթ-բոքսի մրցույթի ժամանակ առաջին տեղը գրավեց: Շատ տաղանդավոր էր, ուներ լավ դերասանական խաղ, ամեն ինչ ստացվում էր իր մոտ, նույնիսկ ուսուցիչներին էր նմանակում: Այնքան լավ էր նմանակում, որ երբեմն ուսուցիչներն էին խնդրում, որ Գևորգն իրենց նմանակի»:
Գևորգի հետ նույն դպրոցում սովորած Էլեն Հակոյանն էլ ասում է՝ նյարդայնացնելու աստիճան ինքնավստահ էր. ««Գև Ջավ» ասելիս՝ աչքիս առաջ ինձանից փոքր, դեռ դպրոցական Գևն ա, ով իր տաղանդով զարմացնում էր բոլորին: Կորել էր, 2 օր ման էին գալիս, գտան, բայց հիվանդանոցում էր՝ կոմայի մեջ, հրազենային վնասվածք էր ստացել գլխի, աչքերի ու ոտքերի շրջանում. սիրտը կանգնեց, չդիմացավ»:
Նշենք, որ 2019 թվականի հուլիսի 10-ին Գևորգը լուսանկար էր հրապարակել ինտսագրամյան իր միկրոբլոգում ու կից գրել. «Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, մաքսիմում կարող եմ միայն ասել, որ շուտով դուք կլսեք իմ անունը ավելի բարձր»: Իսկ արդեն հուլիսի 11-ին հերոսը մեկնել էր ծառայության:
Արփինե Հակոբյան