Երևի, հերոսները երկար չեն ապրում. Հայկը զոհվեց՝ մեծ սերն ու սպասումը սրտում (տեսանյութ, լուսանկարներ)
Պատերազմը եկավ փոխելու շատերի նպատակներն ու երազանքները։ Շատ հերոսներ, մոռանալով իրենց նպատակների ու երազանքների մասին, առանց երկմտելու նվիրեցին իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը։ Հավերժացած հերոսների շարքին դասվեց նաև հրետանավոր կապիտան Հայկ Ալեքսանյանը, որը, Ջաբրայիլում օրուգիշեր 3 դիրք ղեկավարելով և թշնամուն ետ շպրտելով, ԱԹՍ-ից ստանում է մահացու վիրավորում։ Թվում է, թե պատերազմի դեմ ամենքն ու ամեն ինչն են անզոր, բայց այդպես չէ, Լիլիթի և Հայկի սերը հաղթեց անգամ պատերազմին, նույնիսկ հիմա, երբ Հայկն այլևս նրա կողքին չէ։ Լիլիթը հիմա էլ ավելի է սիրում և հպարտանում իր նշանածով՝ Հայկով։
Հայկը ընթերցասեր էր, որով և վարակում էր Լիլիթին․ «Իմ ճանաչած միակ երիտասարդն էր, որը գիրք էր կարդում. ինձ էլ էր հաճախ գիրք նվիրում։ Այնքան շատ գրքեր էր նվիրում, որ դեռ կան այնպիսիք, ինչպիսիք չեմ հասցրել ընթերցել»,- նշում է Լիլիթը։
Հայկը հաճախ էր գնում Եռաբլուր, Լիլիթին էլ իր հետ էր տանում․ «Գնում էինք, խոնարհվում բոլոր հերոսների շիրիմին, իսկ հիմա ինքն է այդ հերոսներից մեկը»,- հուզմունքով, բայցև հպարտությամբ ընդգծեց Լիլիթը։
Հերոսին սիրում ու հարգում էին բոլորը՝ սկսած տարբեր տարիներին ունեցած իր զինվորներից, որոնց հետ կապը միշտ պահպանվել է, վերջացրած ուսուցիչներից։
Լիլիթը մեզ ասաց, որ պատերազմական օրերին այդքան էլ հաճախ չէին կարողանում խոսել իրար հետ․ «Վերջին անգամ հոկտեմբերի 9-ին եմ խոսել Հայկի հետ։ Վախեցած հարցրեց՝ մաման հո չի վախեցե՞լ։ Հայկիս մաման չգիտեր, որ տղան Ջաբրայիլում կռվում է։ Հայկը ոչնչից չէր վախենում, միայն վախենում էր մայրիկի վախենալուց»,- ասաց Հայկի սիրելին։
Թշնամու դեմ համառ մարտեր վարելուց հետո հոկտեմբերի 9-ին Հայկը վիրավորվում է թշնամու արձակած ԱԹՍ-ի հարվածից․ «Չգիտենք, թե որ օրն է մահացել։ Երկար փնտրելուց հետո գտանք մահացած։ Հրետանավորի օրը՝ հոկտեմբերի 19-ին, Հայկիս հուղարկավորությունն էր»,- խորը թախիծով ասաց հերոսի նշանածը։
Հայկը մինչև վերջ իր զինվորների կողքին է եղել, անգամ, երբ վիրավորել է, հասցրել է զինվորներին թաքստոց տանել, և մինչև իր վերջին շունչն էլ հիշել է Լիլիթին․ «Հայկը, երբ վիրավոր էր և բուժկետ էր տեղափոխվում, վարորդը պատմել է, որ իր վերջին շնչում ցույց է տվել իր մատանին, որը վկայում էր մեր միությունը, ավաղ․․․»,- հուզմունքով պատմում է Լիլիթը։
Պատերազմական թեման շրջանցելով` Լիլիթը մեզ հետ զրույցում կարոտած և մեծ սիրով վերհիշեց նաև իրենց ունեցած յուրահատուկ սերը, որը հավերժ է, ինչպես Հայկը․ «Ինձ հաճախ էր ասում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»․ Լեոնիդ Ազգալդյան, «Ես քեզ սիրում եմ և վերջ»․ Հայկ Ալեքսանյան։ Ինձ նաև ասում էր՝ ես քեզ ապրում եմ․․․»,- ժպիտով պատմեց Լիլիթը։
Ինչպես նշում է վերջինս` Հայկը սիրել է անձայն․ «Հայկը լուռ իմ ամեն օրը սիրով է լցրել։ Ոչինչ երբեք չի արել, որ տեսնեն, խոսեն։ Հայկը չէր սիրում պարտադրված ինչ-որ բան անել, անգամ փողոցում քայլելիս, որ մոտենում ծաղիկ էին առաջարկում, թույլ չէր տալիս, ասում էր ես պարտադրված չեմ նվիրում։ Բայց նույն պահին, կարող էր խանութ մտնել և ծաղիկներով դուրս գալ»,- վերհիշում է հերոսի սիրելին։
Մեր զրուցակիցը մեզ տրամադրեց իր և Հայկի մասնակցությամբ մի տեսանյութ, որում Հայկը, պարտվելով խաղում, Լիլիթի համար կարդում է բանաստեղծություն․ «Եթե այն ժամանակ այս ամենը զավեշտալի էր, ապա հիմա` Հայկի ձայնը լսելու հնարավորություն»,- կսկիծով նշեց Լիլիթը։
Այս մեծ ցավի հետ ապրելու համար Լիլիթին սփոփում է մեկ միտք․ «Երևի, հերոսները երկար չեն ապրում...»։
Զվարթ Պետրոսյան