ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը կայցելի հայ-վրացական սահման
Աշխարհ
Մարտի 24-ին Վրաստանում մեկնարկում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության եռօրյա այցը: Դրա շրջանակներում պլանավորված է ուղևորություն վրաց-հայկական սահման: Մինչ այդ, ինչպես հայտնել են Վրաստանի ԱԳ նախարարությունում, քաղաքական կոմիտեի և Վրաստան-ՆԱՏՕ միջխորհրդարանական խորհրդի անդամներն այսօր կայցելեն ՆԱՏՕ-ի դաշնակցային գրասենյակ, որտեղ տեղի կունենա կլոր սեղան: Այս մասին հայտնում է «Գրուզիա Online»-ին:
Դաշինքի ներկայացուցիչները նաև հանդիպում կանցկացնեն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում վրացական պատվիրակության անդամների հետ: Կքննարկեն Վրաստանի ներքին բարեփոխումները, միջազգային անվտանգությունը և ՆԱՏՕ-ի դերը, ինչպես նաև Վրաստանի դերը տարածաշրջանային կայունության գործում:
Պատվիրակության անդամները հանդիպում կունենան Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, արտաքին գործերի փոխնախարար Թամար Բերուչաշվիլիի, պաշտպանության փոխնախարար Միխայիլ Դարչիաշվիլիի և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Օրվա վերջին «Courtyard Marriott» հյուրանոցում հանդիպում կկայանա ուսանողների հետ:
Այցի երկրորդ օրը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամները հանդիպում կունենան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների և անկախ փորձագետների հետ: Նաև հանդիպում կանցկացվի Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ:
Հյուրերը կայցելեն Վազիանի ռազմակայան: Պլանավորված է նաև նրանց ուղևորությունը վրաց-հայկական սահման՝ սահմանապահ ոստիկանության աշխատանքի հետ ծանոթանալու նպատակով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու