ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները Դեշչիցայի հետ կքննարկեն Կիևին աջակցելու հարցը
Աշխարհ
ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները ապրիլի 1-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ կքննարկեն երկրում ստեղծված իրադրությունը և աջակցությունն ուկրաինացի գործընկերներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչը:
ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները Բրյուսելում հանդիպում կանցկացնեն ապրիլի 1-ին և 2-ին:
«Առաջին օրը նախարարները Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի շրջանակներում հանդիպում կունենան նաև Ուկրաինայի արտգործնախարար Դեշչիցայի հետ. նրանք կանցկացնեն վերջին իրադարձություններին նվիրված կոնսուլտացիաներ և կորոշեն այս օրհասական պահին Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ձևերը: Ես ակնկալում եմ, որ նախարարները կընդգծեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իր ապագան ազատ ընտրելու Ուկրաինայի ժողովրդի իրավունքը հարգելու անհրաժեշտությունը»,-հայտարարել է դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները չեն քննարկելու Ուկրաինային ուղղակի ռազմական օգնություն տրամադրելու հարցը և առանձին չեն քննարկելու Սևծովյան տարածաշրջանի իրադրությունը:
Ավելի վաղ ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ Փարիզում կայացած բանակցությունների արդյունքները, հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են շփման կետեր փնտրել Ուկրաինայի ճգնաժամային իրադրությունը կարգավորելու համար: «Մենք ինտենսիվ բանակցություններ անցկացրինք, առաջին հերթին, Ուկրաինայի ճգնաժամի շուրջ և համաձայնեցինք շփման կետեր փնտրել Ուկրաինայի իրադրության կարգավորման համար»,- ասել է Լավրովը:
«Մենք պայմանավորվեցինք աշխատել Ուկրաինայի կառավարության հետ, որպեսզի հասնենք այնպիսի առաջնային միջոցառումների իրականացմանը, ինչպիսիք են ազգային փոքրամասնությունների իրավունքների, լեզվական իրավունքների ապահովումը, սադրիչների զինաթափումը, սահմանադրական բարեփոխման իրականացումը և ազատ ու արդար ընտրությունների անցկացումը միջազգային անաչառ հսկողության ներքո»,- նշել է Լավրովը:
«Մենք համոզված ենք, որ դաշնայնացումը այդ բարեփոխման շատ կարևոր բաղադրիչն է, ամենից գլխավորը Ուկրաինայի միասնության ապահովումն է երկրի՝ առանց բացառության բոլոր տարածաշրջանների շահերի հաշվառմամբ: Որպեսզի այդ երկիրը գործի որպես միասնական պետություն, անհրաժեշտ է տարածաշրջանների միջև գտնել փոխզիջումներ, փոխհամաձայնություն»,- հայտարարել է նախարարը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու