Ապրիլի 1-ից Ուկրաինայի համար ռուսական գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց կկազմի 385,5 դոլար
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ապրիլի 1-ից Ուկրաինայի համար ռուսական գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց կկազմի 385,5 դոլար: Այդ մասին լրագրողներին ասել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
«Գազի մատակարարման գործող պարտավորագրին համապատասխան` դրա գինն Ուկրաինայի համար երկրորդ եռամսյակում կկազմի 385,5 դոլար: Գազի «դեկտեմբերյան» զեղչն այլևս չի կարող կիրառվել»,-նշել է Միլլերը:
Նա նաև հավելել է, որ «միաժամանակ երկրորդ եռամսյակից կավելանա Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման սակագինը: Դրա աճը կկազմի 10 տոկոս»:
Ինչպես արդեն հաղորդվել է, Ուկրաինայի էներգետիկայի ոլորտի կարգավորման ազգային հանձնաժողովը որոշում է ընդունել արդյունաբերական սպառողների և այն ձեռնարկությունների համար բնական գազի գների բարձրացման մասին, որոնք ֆինանսավորվում են բյուջեից: Հանձնաժողովի նավթի-գազի համալիրի գնային և սակագնային քաղաքականության վարչության պետ Վլադիմիր Սեմենեցը նշել է, որ «2014 թվականի ապրիլի 1-ից բնական գազի գինը 29,1 տոկոսով կաճի արդյունաբերական ձեռնարկությունների համար և 64,2 տոկոսով այն ձեռնարկությունների համար, որոնք ֆինանսավորվում են պետական և տեղական բյուջեներից»:
Ինչպես նշում են փորձագետները, արդյունաբերական սպառողների համար գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց 2,448 հազար գրիվնայից կաճի մինչև 4,02 հազար գրիվնա, իսկ բյուջետային կազմակերպությունների համար՝ 3,113 հազար գրիվնայից՝ մինչև 4,02 հազար գրիվնա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու