«Այս պահին հիմքեր չկան ակնկալելու, որ Անկարան պաշտոնապես կճանաչի Ցեղասպանության փաստը»
Բլոգոսֆերա
ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էւում գրել է.
«Թուրքիային Հայոց Ցեղասպանությունը ճանաչել տալուն ուղղված տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ջանքերն ու Անկարայի հանդեպ իրականացվող ճնշումն առաջին հերթին պետք է գնահատել այն տեսանկյունից, թե որքանով են դրանք նպաստում հայ-թուրքական հարաբերությունների իրական կարգավորմանը: Նաև հարկավոր է տարբերակել զուտ քարոզչությունն իրավական հետևանքներ ունեցող քայլերից՝ այս առումով տարբերություն կա Ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելու վերաբերյալ օրենսդրական ակտեր ընդունած պետությունների և այն երկրների միջև, որոնք Հայոց Ցեղասպանության հարցը Թուրքիայի հանդեպ իրենց վարած քաղաքականության գործիքներից մեկն են դիտարկում՝ Անկարային շանտաժելու միջոցով որոշակի առավելություններ ստանալու համար: Ըստ այդմ՝ խնդիրը միջազգային ասպարեզում հնչեցվում է քաղաքական, բարոյական ու, երբեմն էլ, իրավական շեշտադրումներով: Հռոմի Պապի կողմից հարցի արծարծումը կարելի է դասել բարոյական հորդորների շարքին՝ կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր բազմամիլիոնանոց հավատացյալ հոտին Թուրքիան ներկայացրեց որպես ցեղասպանություն իրականացրած պետություն, ինչն, այնուամենայնիվ, նախկինում այս կերպ երբևէ չի արվել: Թուրքիայի արձագանքը բավական կոշտ էր՝ նրա առաջնորդների քաղաքական հայտարարություններին կարող են հետևել նաև հակաքրիստոնեական բռնարարքներ, որպիսիք կանխելու հնարավորությունը չունեն ոչ Վատիկանը և ոչ էլ Հայաստանը: Հայաստանը, ցավոք, ունակ չէ այսօր Թուրքիայի հետ համատեղ երկկողմ հարաբերությունների կարգավորման օրակարգ մշակել ու փորձել հաղթահարել խորը արմատներ գցած թշնամանքն ու անվստահությունը՝ դրան խոչընդոտում է այն, որ Հայկական Հարցը օտարներից շատերի համար քաղաքական աճպարարության փորձված միջոցներից մեկն է: Այս պահին հիմքեր չկան ակնկալելու, որ Անկարան պաշտոնապես կճանաչի Ցեղասպանության փաստը: Դրան հակառակ, գնալով ավելանում են փոխադարձ թշնամանքի ու անվստահության հետագա խորացման նախադրյալները»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ