Թուրքիայի նորընտիր հայ պատգամավոր Գարո Պայլանը խոսել է ընտրությունների արդյունքներից
Հասարակություն
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից մեջլիսի պատգամավոր ընտրված հայ թեկնածու Գարո Պայլանն ընտրությունների արդյունքում իր կուսակցության ստացած ձայների տոկոսն անակնկալ չի համարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում Պայլանն անդրադարձել է խորհրդարանում իր կուսակցության անելիքներին:
«Կարևորը ոչ թե այն է, որ երեք հայ թեկնածու կա, այլ այն, թե նրանք ինչպես են պատրաստվում գործել: Իմ կուսակցության առաջատար ուղղությունը հավասարությունն է: «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերում էլ կան քրդեր, սակայն չենք տեսնում այդ հավասարությունը ցույց տվող նախանշանները»,- ասել է հայ պատգամավորը՝ հույս հայտնելով, որ կազմավորված նոր մեջլիսը կփոխի Թուրքիայի քաղաքականությունը:
Թուրքիայի խորհդարանական ընտրությունների քվեատուփերի 99,98 տոկոսի արդյունքները հրապարակված են: Դրանց համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրել է զգալի քվեներ և ստացել է ձայների ընդամենը 40,85 տոկոսը (258 պատգամավոր), Հանրապետական ժողովրդական կուսակցություն՝ 24,96 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 16,28 տոկոսը (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն՝ 13,11 տոկոսը (80 պատգամավոր):
Ընտրությունների արդյունքում մեջլիսում են հայտնվել երեք հայ պատգամավոր՝ ԱԶԿ-ից լրագրող Մարգար Եսայանը, ՀԺԿ-ից Սելինա Դողանը և ԺԴԿ-ից՝ Գարո Պայլանը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել