Իշխանություններն օգտագործելու են ողջ ներուժը Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելու համար. ԱԺ նախագահ
Քաղաքական
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում է, որ ներկայիս իշխանությունները շարունակելու են օգտագործել ողջ ներուժը՝ Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելու համար: Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթին՝ Սահակյանը հիշեցրեց, որ ներկայիս իշխանությունները կարողացել են ոտքի հանել երկրի խարխլված տնտեսությունը և տանել երկիրը զարգացման ճանապարհով:
«Երբ խոսում եք ՀՆԱ-ի, տնտեսական աճի մասին, հիշեք, որ երկրի խարխլված տնտեսությունը ոտքի է հանել հենց ներկայիս իշխանությունը, մարել է նախորդ պարտքերը, ապահովել է ՀՆԱ-ի աճ, երկնիշ թվով տնտեսական աճ, երկիրը տարել է զարգացման ճանապարհով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ այս ամենն ասում է ոչ թե ելույթ ունեցողին հակառակվելու համար, այլ ընդամենը ներկայացնում է իրականությունը: «Ես կոչ եմ անում չխեղաթյուրել այս տարիների ընթացքում ոչ միայն մեր, ընդհանրապես բոլոր քաղաքական ուժերի արած դրական քայլերը երկրի զարգացման համար: Թյուրիմացության մեջ մի գցեք մեր հանրությանը»,- եզրափակեց ԱԺ նախագահը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել