«Մենք մեր զինվորի կողքին ենք». մեկնարկում է զինվորներին ուղղված ԱՀԹ-ի բարեգործական ծրագիրը
Հասարակություն
Արարատյան Հայրապետական թեմն սկսում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական երկրորդ ծրագիրը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ երկրորդ անգամ ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ 2015թ. հանգանակվել է 50 միլիոն դրամ:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ծրագրի պատասխանատու Շուշան Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս տարի հանգանակված գումարը կբաշխվի 2014 թվականի ծրագրում չընդգրկված, ինչպես նաև 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հակառակորդի հետ շփման գծում զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին, 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հաշվառված 1-ին խմբի զինհաշմանդամներին և 2010-2015թթ. հունվարի 31-ի դրությամբ հաշվառված 2-րդ և 3-րդ խմբի զինհաշմանդամներին: Ընդհանուր թիվը կկազմի 361 ընտանիք:
Նշվեց նաև, որ օգնությունը տրամադրվելու է ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով: «Մեր բարեգործական ծրագրերը բազմաթիվ են և բազմատեսակ: Ունենք նաև ճամբարակյան ծրագիր, որով Ճամբարակի երեխաներին նվերներ են տարվում, այդ երեխաներին հրավիրել ենք, Երևան են եկել: Այդ երեխաները նշել էին, որ այդ օրն իրենց կյանքի ամենահիշարժան օրերից մեկն է եղել, քանի որ նրանցից շատերը չէին եղել մայրաքաղաքում»,- ասաց ծրագրի պատասխանատու Շուշան Պետրոսյանը:
Շուշանը նշեց, որ այս ծրագրերը շարունակական են լինելու` ինչպես թեմի սահմաններում, այնպես էլ թեմի սահմաններից դուրս:
Ասուլիսին ներկա Տեր Եսայի քահանա Արթենյանն էլ, խոսելով ծրագրի կարևորության և դերի մասին, նշեց, որ սրանից բարի գործ անել չէին կարող:
«Հիմնականում ամենակարևոր պայմանը բարեգործությունն է, մենք ուզում ենք բարեգործության համար օրինակ լինել: Կարևոր հանգամանք է նաև ընտրված թիրախը՝ մեր զինվորը, որոնց համար ինչ էլ անենք, քիչ է: Այս կերպ մեզ համար ի հայտ է գալիս կարիքավոր ընտանիքների մի ուրիշ խումբ և հոգևորականնները համայնքներում շարունակում են կապը պահել:
Հոգևոր առումով կարողանում ենք աջակից լինել, հաղորդակից լինել այդ ընտանիքներին: Ծրագրի շարունակականությունը կարևոր է նաև այս առումով»,- իր խոսքում նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել