Անկարայի մահապարտ ահաբեկիչներից մեկը Սուրուչի ահաբեկչությունն իրականացրած անձի եղբայրն է
Աշխարհ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության տեսագրության ուսումնասիրությունը ցույց է տվել մահապարտ ահաբեկիչներից մեկի ինքնությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, թուրքական հետախուզության տվյալներով Անկարայում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկը թուրքական Սուրուչ քաղաքում ահաբեկչություն իրականացրած մահապարտի ավագ եղբայրն է՝ Յունուս Էմրե Ալագյոզը:
Սուրուչի ահաբեկչությունը տեղի է ունեցել 2015 թվականին հուլիսի 20-ին: Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստերի երիտասարդական ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խմբի ելույթի ժամանակ Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում մահապարտ ահաբեկիչը գործի էր դրել պայթուցիկը: Պայթյունը որոտացել էր անմիջապես մարդկանց շարքերում: Կատարվածի հետևանքով զոհվել է 33 մարդ, վիրավորվել' 102: Ահաբեկչության պատասխանատու էր հայտարարվել «Իսլամական պետությունը»:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ին թուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն, զոհվել է 97 մարդ, այդ թվում և մեկ օտարերկրացի' պաղեստինցի: Մի քանի հարյուր մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտ ահաբեկիչները, որոնց ինքնությունը դեռ պարզվում է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան