Էդմոն Մարուքյանն Ուրիխանյանին առաջարկեց ներկայացնել իր թեկնածուի ինքնաբացարկը և քվեարկել Փոստանջյանի օգտին
Քաղաքական
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ-ի թեկնածու առաջադրելու քննարկման ընթացքում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին առաջարկեց ցանկության դեպքում ներկայացնել սեփական թեկնածուի ինքնաբացարկը և քվեարկել Զարուհի Փոստանջյանի օգտին: Քննարկման ընթացքում, երբ Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ՄԻՊ-ի պաշտոնի իր թեկնածու Զարուհի Փոստանջյանին, Տիգրան Ուրիխանյանը նրան հարց ուղղեց, թե ինչո՞ւ Էդմոն Մարուքյանը ժամանակին չի համաձայնել ներկայացնել ՄԻՊ-ի միասնական թեկնածու:
«Պարո՛ն Մարուքյան, երբ մենք դեռ նոր քննարկում էինք այս հարցը, ես Ձեզ հարցրեցի՝ ունե՞ք թեկնածու, որին ես պատրաստ կլինեմ սատարել: Դուք ասացիք, որ չունեք, առայժմ բանակցում եք: Հետո Դուք ինձ ոչ մի կերպ չպատասխանեցիք, մինչդեռ ես առաջարկում էի ունենալ ընդդիմության միասնական թեկնածու: Ինչո՞ւ այն ժամանակ ինձ չասացիք, որ ներկայացնելու եք իմ կողմից շատ հարգված Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, որին ես նույնպես սատարում եմ»,- հարցրեց Ուրիխանյանը:
Էդմոն Մարուքյանն էլ պատասխանեց, որ Ուրիխանյանն առաջարկել է քվեարկել միմյանց ներկայացրած թեկնածուների օգտին, ինչն իր համար անընդունելի է եղել:
«Պարոն Ուրիխանյան, Դուք ինձ առաջարկում էիք, որ ես քվեարկեի ձեր ներկայացրած թեկնածուի, իսկ Դուք իմ ներկայացրած թեկնածուի օգտին: Դա ինձ համար անընդունելի է, քանի որ ես չեմ պատրաստվում այստեղ մեկ այլ անձի օգտին քվեարկել: Ես քվեարկելու եմ միայն իմ թեկնածուի օգտին: Եթե Դուք ունեք նման ցանկություն, կարող եք ներկայացնել ձեր թեկնածուի ինքնաբացարկը և քվեարկել Զարուհի Փոստանջյանի օգտին»,- ասաց Մարուքյանը: Տիգրան Ուրիխանյանը Մարուքյանի առաջարկին չարձագանքեց:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից